Գլխավոր Լուրեր 36 հոգի պետք է բերման ենթարկեին, մյուսներն ո՞ւր են

36 հոգի պետք է բերման ենթարկեին, մյուսներն ո՞ւր են

5
0

Ապօրինի ծառահատումներ իրականացնող անձինք փորձել են ապօրինի պայմաններ պարտադրել կառավարությանը: Այսօր Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով երեկ Իջեւանում տեղի ունեցած իրադարձություններին։

«Կառավարությանն ապօրինի պայմաններ պարտադրելու որեւէ փորձ արժանանալու է ամենակոշտ հակազդեցության»,- ասաց Փաշինյանը՝ առաջարկելով փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանին, ով քիչ առաջ էր վերադարձել Իջեւանից, մանրամասներ հայտնել:

«Ապօրինի ծառահատումների կանխման շրջանակներում միջոցառումներ էին իրականացվում Լոռու եւ Տավուշի մարզերում: Տեղավորվել էին անշարժ պահակակետեր այն կարեւոր ուղիներում, որտեղով կարող էին արտահանել ապօրինի հատված ծառերը: Դա դժգոհություն էր առաջացրել այդ հատվածի մոտ, որոնք զբաղվում են ապօրինի ծառահատումներով: Նրանք փողոց փակելու միջոցով ուզում էին իրենց հարցերը կարգավորեն: Այդ առթիվ երեկ Իջեւանում մի քանի անգամ փակվեց եւ բացվեց Իջեւան-Նոյեմբերյան մայրուղին եւ Իջեւանի Երեւանյան փողոցը: Մոտ 500 հոգու կողմից պահանջ էր դրվում, որ հանեն այդ պահակակետերը եւ թույլ տան իրենց ապօրինի ծառահատված զանգվածը հանել մարզից: 18.00-ի սահմաններում ոստիկանությունը պատնեշ էր կազմել եւ ուզում էր բացել մայրուղին: Այդտեղ տեղի ունեցավ բախում: Բողոքավոր հատվածը քարերով, մահակներով վնասվածքներ պատճռեցին 11 ոստիկանների»,- ասաց նա:

Մովսիսյանը նշեց, որ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հանձնարարությամբ ոստիկանական զորքերի մի մասը տեղափոխվել է Իջեւան. «Բանակցություններ վարվեցին ակտիվիստների հետ, որի ընթացքում ներկայացվում էին նույն պահանջները: Ոստիկանապետը բացառեց որեւէ ձեւով այդ հարցի անօրինական որեւէ լուծում: Հիմա իրավիճակը վերահսկվում է, մայրուղիները բաց են: Ոստիկանապետը այնտեղ է: Հարուցվել է քրեական գործ խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու հոդվածների հատկանիշներով: 19 մարդ բերման է ենթարկվել, որից 13-ը ձերբակալվել են, մնացածը ստորագրությամբ բաց են թողնվել»:

Փաշինյանը նկատեց, որ ինքը տեղյակ էր, որ շուրջ 36 հոգի բերման պետք է ենթարկվեր, որոնք կազմակերպիչներն են․ «36 հոգի պետք է բերման ենթարկեին, մյուսներն ո՞ւր են»,- հարցրեց Փաշինյանը։

Փոխոստիկանապետը պատասխանեց. «Բոլորի հասցեներով գնացել ենք, որ բերման ենթարկեինք այդ անձանց, որոնց ցուցակն ունեինք: Բայց նրանց տեղում չեն գտել, հիմա աշխատանքները շարունակվում են նրանց հայտնաբերելու: Այդ թվից 19-ն են բերման ենթարկվել»,- ասաց նա՝ բացառելով, որ նրանք հնարավոր է հանրապետությունից դուրս եկած լինեն: