Չորեքշաբթի , 22 Նոյեմբեր 2017

  •  USD   Առք` 482.00   Վաճառք` 486.00   ՀՀ ԿԲ` 483.66   
  •  EUR   Առք` 565.00   Վաճառք` 573.00   ՀՀ ԿԲ` 567.24   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 487.02   
  •  GBP   Առք` 630.00   Վաճառք` 648.00   ՀՀ ԿԲ` 640.22   
  •  RUB   Առք` 8.15   Վաճառք` 8.32   ՀՀ ԿԲ` 8.15   
  •  GEL   Առք` 169.00   Վաճառք` 189.00   ՀՀ ԿԲ` 178.31   
outputra5huxgif
Rain And Snow
Home » Լուրեր » 4 միլիոն մարդ ունենալ չենք կարող, եթե անգամ արտասահմանից մարդկանց բերման ենթարկենք

4 միլիոն մարդ ունենալ չենք կարող, եթե անգամ արտասահմանից մարդկանց բերման ենթարկենք

Նոյեմբեր 14, 2017 12:36 Լուրեր, Քաղաքական A+ / A-

129328_src

Araratnews.am-ի զրուցակիցն է  Գերմանիայում բնակվող հրապարակախոս Սպարտակ Հակոբյանը։ Նրա հետ զրուցել ենք ներքաղաքական զարգացումների, այս օրերին ուսանողների կողմից անցկացվող դասադուլի եւ հնչեցվող պահանջների վերաբերյալ։

Պարո՛ն Հակոբյան, 2018 թվականի վարչապետի պաշտոնի հավակնորդներից մեկը ըստ էության Սերժ Սարգսյանն է համարվում: Որքանո՞վ եք հավանական համարում, որ նա կզբաղեցնի այդ պաշտոնը:

Առողջ բանականություն կամ պետական առողջ մտածելակերպ ունեցող երկրի ղեկավարը կհրաժարվեր, սակայն նրանից կարելի է սպասել անկանխատեսելի հետևանքներ ունեցող ցանկացած գործողություն: Պատճառները, իմ տեսլականով, երկուսն են: 1. Կորցնելով պաշտոնը` Սերժ Սարգսյանը կորցնում է անձի, ընտանիքի անդամների և ձեռք բերած ապօրինի կարողության պաշտպանության իմունիտետը: 2. Սերժ Սարգսյանին երկրի ղեկավարի պաշտոնում տեսնել ցանկացողների կատաղի ցանկությունը նույնպես հիմնված է ամեն ինչ կորցնելու հավանականության վրա: Դատեցեք ինքներդ. ի՞նչ կմնա անելու Գ.Սահակյանին, Շարմազանովին, Աշոտյանին, Խոսրովին, Հրանուշ Հակոբյանին և երկու տասնյակ այլ սերժսարգսյանական դատարկ սատելիտների, որոնց սպասում են դատ, ունեզրկում և այլն: Այս ամենի հետ մեկտեղ, համակարգը ռեսուրսներ այլևս չունի: Համոզված եմ` Սերժ Սարգսյանը կփորձի իշխանությունը պահել` պաշտպանության բնագավառը իր ազդեցության ոլորտում կենտրոնացնելու միջոցով:

Այս ընթացքում բազմաթիվ ՀՀԿ-ականներ հայտարարում են, թե Ս. Սարգսյանն անփոխարինելի է: Այդ եզրակացությանն է եկել նաեւ գործող վարչապետ Կարեն Կարապետյանը: Սա չի՞ ենթադրում, որ ժողովրդավարություն քարոզող կուսակցությունում տառապում են անձի պաշտամունքով:

Համոզված եմ, որ Կարեն Կարապետյանը չի բարձրաձայնում այն, ինչ ուզում է: Պատճառը ՀՀԿ-ի ներսում երկիշխանության բերած քաղաքական հակասություններն են: Թե որքանո՛վ են նպաստում այդ հակասությունները պատերազմող Հայաստան երկրի քաղաքական շահերին, երկրի սոցիալական կոլապսի մեջ գտնվող իրավիճակին, աղքատության և արտագաղթի աճին, բանակում տիրող ամենաթողությանը, թողնենք նրանց` կասկածելի որակի մարդկային խղճին: Գալով Ս.Սարգսյանի անձի պաշտամունքին` ես այն կանվանեի ամեն ինչ բարեհաջող տապալած անձի գռեհիկ կռապաշտություն: Այո՛, Ս.Սարգսյանը երկար է աշխատել երկրի պաշտպանության բնագավառում, սակայն արձանագրել է Ազգային ժողովի գնդակահարություն, Մարտի մեկ, Սարի թաղ, հազարավոր բերման ենթարկվածներ, ոստիկանական պաշտոնյաների անպատժելիություն, ոստիկանության թվաքանակի սարսափելի աճ և այլն: Հարցը հասել է նրան, որ Սերժ Սարգսյանի պաշտպանության համար հարկավոր են հազարավոր ոստիկաններ, զինտեխնիկա, օդուժի միավորներ: Անգամ իր սեփական երկրում ումի՞ց է վախենում ժողովրդավարություն քարոզող նախագահը:

Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանի բնակչությունը մինչեւ 2040 թվականը հասնելու է չորս միլիոնի: Հավանական համարո՞ւմ եք:

Հավանաբար բանասեր Ս.Սարգսյանը կամ իր խորհրդականները բարձրագույն մաթեմատիկա չեն անցել, բայց թվաբանություն պարտավոր էին իմանալ: Իմ ունեցած տվյալներով` երկրում բնակչության թիվը այսօր կազմում է ոչ թե 3, այլ 2,2 միլիոն մարդ, նկատի ունենալով արտագաղթի ահագնացող տեմպերը, մահացության աճը, ծնելիության բացասական սալդոն, իմ հաշվարկներով` 2040 թ. կունենանք 1,5-1,8 միլիոն մարդ: 4 միլիոն մարդ ունենալ չենք կարող, եթե անգամ արտասահմանից մարդկանց բերման ենթարկենք, քանզի կամավոր եկողների թիվը կատաստրոֆիկ ցածր է, չնայած Հրանուշ Հակոբյանի հակառակ պնդումներին: Իսկ ներդրումներ Հայաստանում չեն լինի, քանի դեռ երկրի ղեկավարությունը Ս.Սարգսյանի ձեռքին է: Ենթադրում եմ` ոչ ոք իր գումարները չի բերի կորցնելու կամ փոշիացնելու համար:

Այս օրերին Հայաստանում ուսանողները դասադուլ են անում ընդդեմ տարկետման իրավունքի սահմանափակման: Ձեր կարծիքով` հնարավոր կլինի՞ հասնել նրան, որ օլիգարխների տղաներն էլ բանակում ծառայեն:

Կարծում եմ` ո՛չ: Մի դեպքում կսկսվի օլիգարխների որդիների ակտիվ արտագաղթը, սովորելու, մշտական բնակության, այլ երկրի քաղաքացիություն ընդունելու, այլ երկրի քաղաքացու հետ ֆիկտիվ ամուսնությունների շարանը, մյուս դեպքում` կավելանան պաշտպանության համարգում ռեֆերենտների, խորհրդատուների և այլոց թիվը: Կլինեն նաև օլիգարխների որդիների ծառայելու առանձին դեպքեր, դրանք էլ կօգտագործվեն ի ցույց դնելու, գովազդի նպատակներով: Եղանակ փոխել հնարավոր է համակարգը փոխելով, որին դեմ է այսօրվա քաղաքական ղեկավարությունը իր կեղծ բարեփոխումներով, ի նպաստ թալանի քողարկման և օրինականացման համար օրենքներ ընդունելով կամ ինկուբատորում հասարակության նողկանքը վայելող կարեն ավագյաններ, հակոբ հակոբյաններ աճեցնելով: Իմ պատկերացմամբ` ուսանողների դասադուլը քաղաքական հիմք չունեցող շարժում է, այն լուրջ քաղաքական հետևանքներ ունենալ չի կարող:

Հարցազրույցը՝ Փայլակ Ֆահրադյանի

122488199673267500288781848048447njpg
scroll to top