Գլխավոր Իրավական Կաշառակերության համար մեղադրվող դատավորի դատավճիռը հայտնի է

Կաշառակերության համար մեղադրվող դատավորի դատավճիռը հայտնի է

42
0

Araratnews.am-ն այսօր տեղեկացրել էր՝ կաշառակերության համար մեղադրվող նախկին դատավոր Գագիկ Հեբոյանի դատավճիռը կհրապարակվի այսօր:

Գագիկ Հեբոյանի փաստաբան Արմեն Նադիրյանը Araratnews.am-ի հետ զրույցում ասաց՝ նախկին դատավորին դատապարտեցին 7 տարվա ազատազրկման: «Մենք բողոքարկելու ենք դատավճիռը Վերաքննիչ քրեական դատարան»,- ասաց փաստաբանը:

Նախկին դատավորի վերջին խոսքը եղել է այն, որ սա սարքված գործ է, եղել է կաշառքի պրովոկացիա: Նախաքննական մարմինն օբյեկտիվ քննություն չի իրականացրել: Դատարանը եւս օբյեկտիվ չի եղել: «Երկրի ղեկավարը, երբ Եվրախորհրդի բարձր ամբիոնից հայտարարեց, որ դատավոր է բռնվել, դրանով արդեն իսկ կայացվեց իմ պաշտպանյալի դատավճիռը: Դատարանն արդեն կաշկանդված էր այդ հայտարարությամբ՝ կարծում է իմ պաշտպանյալը»,- մեջբերեց Նադիրյանն իր պաշտպանյալի խոսքերը:

Սույն գործով մեղադրվում է նաև Փաստաբանների պալատի անդամ Վահագն Դանիելյանը: Ըստ մեղադրանքի՝ խոչընդոտներ վերացնելու և հանցավոր ճանապարհով ձեռք բերված միջոցները թաքցնելու եղանակով օժանդակել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Հեբոյանի կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալուն:

Գագիկ Հեբոյանի փաստաբանի խոսքով՝ տարօրինակ է, որ դատարանը վերաորակավորել է  մեղադրանքը, այն համարել կաշառքի միջնորդություն եւ փաստաբանին դատապարտել մեկ տարի տասն ամիս ազատազրկման: Սա զավեշտ է եղած ապացույցների պայմաններում: Ոչ մի ապացույց չկա, որ եղել է օժանդակություն կամ կաշառքի միջնորդություն: Վահագն Դանիելյանը իրեն մեղավոր չի համարում: Ավելին՝ մեղադրող դատախազը պահանջել էր նրան ազատազրկել 7 տարով: Եթե կաշառք ստանալու օժանդակությանն աջակցելու  պատիժը 7 տարի է, ինչպես է փաստաբանինը մեկ տարի 10 ամսով: Այս գործով  մեղադրվող փաստաբանին պետք է արդարացնեին»,- մանրամասնեց պարոն Նադիրյանը:

Փաստաբանը չի բացառում՝ Վահագն Դանիելյանը համագործակցել է նախաքննական մարմնի հետ: Նա հիշեցրեց՝ մինչ դատավճիռը գրավով փոխվեց նրա խափանման միջոցը:

Սոնա Դավթյան