Հինգշաբթի , 20 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Իրավական » Ոստիկանության հերթական ուժեղացված ծառայությունը Երեւանում

    Ոստիկանության հերթական ուժեղացված ծառայությունը Երեւանում

    Հունիս 8, 2019 21:00 Իրավական, Լուրեր, Տեսանյութ A+ / A-

    Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ու տարածքային ստորաբաժանումների, պարեկապահակետային ծառայության գնդի, ինչպես եւ ճանապարհային ոստիկանության ծառայողները հուլիսի 7-ին կրկին ուժեղացված ռեժիմով ծառայություն են իրականացրել մայրաքաղաքում մայրաքաղաքում։ Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանությունից, նպատակն էր հասարակական կարգն ու երթեւեկության անվտանգությունը հանցավոր եւ հակաիրավական ոտնձգություններից պաշտպանելը։

    «Ոստիկանության ծառայողները Վալերիյ Օսիպյանից հստակ հանձնարարական ունեին՝ գործել օրինականության սահմաններում, հանդուրժողականություն եւ ներողամտություն չդրսեւորել օրինախախտների նկատմամբ՝ անկախ նրանց դիրքից ու կարողություններից։ Ոստիկանության ծառայողներն օպերատիվ խմբերով շրջեցին մայրաքաղաքում՝ հայտնաբերելով իրավախախտումներ եւ ապօրինություններ։ Խուլիգանության, ապօրինի թմրաշրջանառության, զենք-զինամթերք, սառը զենք պահելու եւ կրելու կասկածանքով, ինչպես եւ հասարակական վայրերում ոչ իրավաչափ վարք դրսեւորելու համար ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման ենթարկվեցին մի խումբ անձինք։

    Նրանց թվում կային քաղաքացիներ, որոնք չարամտորեն չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին եւ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել ոստիկանների նկատմամբ։

    Ուժեղացված ռեժիմով ծառայության կարեւորագույն նպատակներից էին երթեւեկության անվտանգությանը սպառնացող իրավախախտումների կանխումն ու խափանումը։ Չնայած ոստիկանության բազմաթիվ հորդորների՝ կան վարորդներ, որոնք իրենց վեր են դասում երթեւեկության մյուս մասնակիցներից եւ իրենց գործողություններով անհարգալից վերաբերմունք են դրսեւորում նրանց նկատմամբ՝ միտումնավոր թույլ տալով երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներ։ Հայտնաբերվեց այդպիսի 74 վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվեցին ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Նրանցից 12-ը մեքենան վարում էր ալկոհոլի ազդեցության տակ, 3-ը՝ փոխարինված համարանիշերով, 2 վարորդ էլ մեքենաներով, այսպես ասած՝ դրիֆթում էին՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով երթեւեկության մյուս մասնակիցների եւ բնակիչների նկատմամբ։ Պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց նաեւ 6 մոտոցիկլ ու երկու հետախուզվող մեքենա։ Հայտնաբերվեցին նաեւ բարձր ձայնով երթեւեկելու համար նախատեսված խլացուցիչներով 6, առանց ԱՊՊԱ պայմանագրի շահագործվող 23, թաղանթապատված դիմապակիով՝ 15 տրանսպորտային միջոց։

    ՀՀ ոստիկանությունը, հասարակական անվտանգությամբ մտահոգ, պարբերաբար իրականացնելու է նմանօրինակ կանխարգելիչ միջոցառումներ։ Հարգելի քաղաքացիներ, հորդորում ենք խստագույնս պահպանել համակեցության եւ երթեւեկության կանոնները՝ հակառակ դեպքում ոստիկանության արձագանքը լինելու է օրենքի տառին համապատասխան ու կոշտ»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրությունում։


    Նման թեմաներ

    scroll to top