Գլխավոր Իրավական Սերժ Սարգսյանի, Սերգո Կարապետյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը վարույթ է ընդունվել

Սերժ Սարգսյանի, Սերգո Կարապետյանի և մյուսների վերաբերյալ քրեական գործը վարույթ է ընդունվել

30
0

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել Հայաստանի 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանի, «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանի, նախարարության բուսաբուծության վարչության նախկին պետ Գևորգ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործը։

Ինչպես տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից, գործը վարույթ է ընդունվել փետրվարի 1-ին:

Դատական գործը մակագրվել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վահե Միսակյանին։ Նիստի օրը դեռ նշանակված չէ։

Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ․ ապրիլի 9-ից մինչև 2018թ․ ապրիլի 9-ը ընկած ժամանակահատվածում, զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակության կատարում։

Ս. Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Նախկին նախագահը մեղադրանքը չի ընդունում, նրա փաստաբանները պնդում են, որ Ս.Սարգսյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում:

Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր, 2013թ․ հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում դրդել է 2013թ․ Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սերգո Կարապետյանին՝ ՀՀ հողօգտագործողներին 2013թ․ գարնան գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրի իրականացման ընթացքում կատարել ՀՀ կառավարությանը վստահված, պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում։

Սերգո Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2010թ․ դեկտեմբերի 31-ից մինչև 2016թ․ սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում հանդիսանալով ՀՀ գյուղատնտեսության նախարար, այսինքն՝ ՀՀ կառավարության անդամ, պաշտոնատար անձ, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, 2013թ․ ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ, իր տեղակալ Սամվել Գալստյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ, օգտագործելով պաշտոնատար այլ անձանց հետ դիտավորությամբ խմբի կազմում կատարել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդում գտնվող առանձնապես խոշոր չափերով պետական միջոցների՝ ընդհանուր 489,160,310 ՀՀ դրամի վատնում։

Սամվել Գալստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2003թ․ ապրիլի 14-ից մինչև հունիսի 9-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013թ․ հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումար՝ 489․160․310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն։

Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ․ հունիսի 25-ից մինչև 2015թ․ հունվարի 12-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության բուսաբուծության վարչության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, իր պաշտոնեական դիրքն օգտագրծելով, 2013թ․ հւնվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում, օժանդակել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489,160,310 ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն։

Գլխավոր դատախազությունը մեղադրական եզրակացությունը հաստատել էր հունվարի 29-ին: Մեղադրանքը չեն ընդունում գործով անցնող մյուս մեղադրյալները ևս՝ Բ. Բեգլարյանը, Ս. Կարապետյանը, Ս. Գալստյանը և Գ. Հարությունյանը։