Երկուշաբթի , 24 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    18°
    Home » editorial » ԱԱԾ-ն պետք է ուժեղացնի Սերժի Վաչոյի հսկողությունը, որ «գլուխը չուտեն»

    ԱԱԾ-ն պետք է ուժեղացնի Սերժի Վաչոյի հսկողությունը, որ «գլուխը չուտեն»

    ԱԱԾ-ն պետք է ուժեղացնի Սերժի Վաչոյի հսկողությունը, որ «գլուխը չուտեն»
    Հունիս 28, 2018 15:44 editorial, Լուրեր, Վերլուծական, Քաղաքական A+ / A-

    Ապօրինի հարստացման համար մեղադրվող և արդեն կալանավորված Վաչագան Ղազարյանը, նույն ինքը՝ Սերժի Վաչոն, ըստ մամուլի հրապարակումների, լռում է, այսպես ասած՝ «չորով ցուցմունք չի տալիս»: Որքան էլ զարմանալի է Վաչագան Ղազարյանի լռությունը, նույնքան էլ բնական է: Նա դեռ խոսելու շատ ժամանակ կունենա: Բայց ինչո՞ւ է լռում Ղազարյանը: Սա հարց է, որի շուրջ պետք է մտածեն իրավապահները և կառավարության ղեկավարը:

    Մի մանրուք, որը քիչ արծարծվեց, կամ, որ ավելի ճիշտ է՝ անտեսվեց: ԱԱԾ-ի տարածած տեսանյութում ասվում է, որ Վաչագան Ղազարյանը բերման ենթարկվելու պահին ասել է, թե գումարներն իրենը չեն, հանել է բանկից, որ փոխանցի իրական տիրոջը: Հարց է առաջանում՝ ո՞ւմ են պատկանում միլիոնները: Գուցե իր նախկին շեֆի՞ն՝ Սերժ Սարգսյանին: Չէ՞ որ Ղազարյանն այս աշխարհում միայն մեկ մարդու համար կարող էր իրեն վտանգի տակ դնել, և որ ուրիշ մեկի գումարները իր մոտ պահելը ֆանտաստիկայի ժանրից է. ի վերջո, իր ունեցած ամեն ինչի՝ միլիոնավոր դոլարների, գույքի և բիզնեսների համար նա պարտական է միայն մեկին՝ Սերժ Սարգսյանին: Ի դեպ, Ղազարյանը իր այսօրվա կարգավիճակի՝ կալանավոր լինելու համար էլ է պարտական Սերժ Սարգսյանին, բայց սա քննարկման այլ նյութ է:

    Ինչո՞ւ ԱԱԾ-ն մեկուսացրեց Ղազարյանին և ոչ տասնյակ այլ ապօրինի հարստացածներին։ Ինչու առաջինը  թակեց նրա դուռը… Ղազարյանը կարևոր էր:

    ԱԱԾ-ի այս գործողության մեջ կա կարևոր՝ չերևացող հանգամանք: Վաչագան Ղազարյանն այն մարդն է, որը տեղյակ է Սերժ Սարգսյանի բոլոր գործերից: Վաչագան Ղազարյանն ինֆորմացիայի կրողն է, որը պետք է գալու ԱԱԾ-ին՝ իր հետագա, հեռու գնացող ծրագրերի համար:

    Երբ Սերժ Սարգսյանի մասին ամեն ինչ իմացող մեկը բանտում է, մտահոգության առիթ ունի Սերժ Սարգսյանը. «Տեսնես՝ ինչե՛ր կարող է պատմել Ղազարյանն իմ մասին»:

    ԱԱԾ-ն այս պահին շատ կարևոր պարտականություն ունի՝ 24-ժամյա ռեժիմով վերահսկել Ղազարյանի անվտանգությունը, այդ թվում՝ սնունդն ու դեղերը ժամանակին և պատշաճ հասցնելով, որ, այսպես ասած, «գլուխը չուտեն», և հերթական անգամ չկորցնենք այն կարևոր ֆիգուրին, որն իր մեջ է կրում հանցագործությունների կատարման մի ամբողջ տասնամյակի տեղեկատվությունը:

    Հիշեցման կարգով նշենք, որ Վաչագան Ղազարյանը ինչ-որ չափով լավ է «պրծել»: 2009 թվականին, երբ Ռոբերտ Քոչարյանը հեռացել էր պաշտոնից, հանկարծամահ եղավ նրա անվտանգության պետ Գրիգորի Սարկիսյանը: Պաշտոնական տեղեկություններով՝ Սարկիսյանը մահացել էր սրտի կաթվածից:

    Հեշտ ճակատագիր չի ունեցել նաև ՀՀ առաջին նախագահ Տեր-Պետրոսյանի անվտանգության պետը՝ Ռոմեն Ղազարյանը: Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո նա ստիպված եղավ հեռանալ Հայաստանից և մահացավ 2015 թվականին տնից ու հայրենիքից հեռու:

    Հարություն Մկրտչյան

    scroll to top