Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Լեյլա Աբդուլաևան մեկնաբանել է Հայաստանի առաջին տիկին Աննա Հակոբյանի՝ «Կանայք հանուն խաղաղության» քարոզարշավի շրջանակներում ռուսաստանցի ազդեցիկ կանանց առաջիկա այցը Արցախ:
«Ես որպես կին և մայր կարող եմ հասկանալ Հայաստանի վարչապետի տիկնոջ կողմից այս նախաձեռնությամբ հանդես գալը՝ ելնելով մարդասիրական սկզբունքներից: Գլխավոր նպատակը իբր երիտասարդ զինվորների մահը կանխելն է: Հակոբյանը սխալ է ընտրել իր մարդասիրական առաքելության համար նպատակները, քանի որ երիտասարդ մարդկանց մահը կանխելու համար նա, նախևառաջ, պետք է Հայաստանին կոչ անի դադարեցնել Ադրբեջանի հողերի «օկուպացիան»»,- Աբդուլաևայի խոսքը մեջբերում է «Ինտերֆաքս-Ազերբայջան»-ը:
Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ ռուսաստանցի կանանց այցի նպատակը Հայաստանի ձգտումն է՝ դրդել ռուսաստանցի կանանց այցելել «Ադրբեջանի օկուպացված տարածքներ», ինչը, իբր, չի համապատասխանում Դուշանբեում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին: Նա հավելել է, որ Բաքուն այս հարցով խորհրդատվություն կանցկացնի Ռուսաստանի ԱԳՆ-ի հետ: