Գլխավոր Լուրեր Աբխազիայի հավաքականը բրոնզե մեդալներ նվաճեց ֆուտբոլի CONIFA-ի Եվրոպայի առաջնությունում

Աբխազիայի հավաքականը բրոնզե մեդալներ նվաճեց ֆուտբոլի CONIFA-ի Եվրոպայի առաջնությունում

7
0

Ստեփանակերտի հանրապետական մարզադաշտում CONIFA Sportsbet.io European Football Cup 2019-ի շրջանակներում հունիսի 8-ին կայացել է Աբխազիայի և Չամերիայի հավաքականների հանդիպումը:

Հիմնական  խաղաժամանակն  ավարտվել  է   0-0  հաշվով, և նշանակվել է 11 մ-ոց    հարվածաշար, որն ավարտվել  է    4-5  հաշվով՝ հօգուտ   Աբխազիայի:

Ֆուտբոլային  մրցապայքարում  Աբխազիան  զբաղեցրել  է  3-րդ  տեղ` արժանանալով  բրոնզե  մեդալի, իսկ  Չամերիան՝  4-րդ:

Խաղի ավարտից հետո CONIFA-ի Եվրոպայի նախագահ Ալբերտո Ռիսկոն և Արցախի Հանրապետության  կրթության, գիտության  և  սպորտի  նախարար  Նարինե  Աղաբալյանը  3-րդ և 4-րդ մրցանակային տեղեր գրաված թիմերին պարգևատրել են մեդալներով և գավաթներով:

Աբխազիայի   հավաքականի  գլխավոր  մարզիչ  Բեսլան Աջինժալն   ասել է, որ  իրենց  հավաքականն   այլ  արդյունքներ   էր  սպասում, և ցավ հայտնել, որ  իրենց  չի հաջողվել  հայտնվել  եզրափակչում:

Ըստ  մարզչի՝  Աբխազիայի   հավաքականի  մեծ  մասն  առաջին  անգամ  է  մասնակցում  նման  մրցաշարի, և   3-րդ  մրցանակային  տեղ  գրավելը  թիմի  համար  լավ  սկիզբ է:

«Բազմիցս  եմ  ասել, որ  Արցախում   շատ   բարձր  մակարդակով  է  կազմակերպվել  CONIFA  Sportsbet.io European Football Cup  2019-ը:  Ուղղակի  ուզում եմ  հատուկ  շնորհակալություն  հայտնել   կազմակերպիչներին  և  Արցախի  հյուրընկալ  ու   բարի   ժողովրդին»,-  ընդգծել է   Բեսլան Աջինժալը  և  հավելել, որ  Արցախի  հավաքականը   լավ  էր  պատրաստված, և  ապագայում  թիմը կունենա   մի  շարք  հաջողություններ:

Չամերիայի  հավաքականի    անդամ  Կեվիս   Գջեցին   էլ  ասել է, որ իրենք   մինչև   խաղի վերջին   րոպեն  պայքարել  են, որ   հայտնվեն   լավագույն  եռյակի  մեջ, որը, չհաջողվեց  11  մ-ոցների   դեպքում:

Կեվիս   Գջեցիի  խոսքով՝  իրենք   Արցախից  հեռանալու են վառ տպավորություններով և   պատրաստ են  Արցախում կրկին մասնակցելու   ֆուտբոլային  մրցաշարի:

Խոսելով  Արցախի  հավաքականի  մասին՝  մարզիկն  ասել է, որ կարծել են, թե  իրենք  հեշտությամբ  են  կարողանալու հաղթել  Արցախի  թիմին, սակայն   խաղից  հետո  հասկացել են, որ սխալվել  են:

Խաղին    հետևում  էին  ԱՀ  Ազգային  ժողովի    նախագահ  Աշոտ  Ղուլյանը, ԱՀ  պետական  նախարար  Գրիգորի  Մարտիրոսյանը, պետական  այրեր, հյուրեր, ֆուտբոլասերներ: