Գլխավոր Լուրեր Ադրբեջանցիների հակահայ ակցիան Ջավախքում սեպարատիզմի հրահրման քայլ է. Արտակ Գաբրիելյան

Ադրբեջանցիների հակահայ ակցիան Ջավախքում սեպարատիզմի հրահրման քայլ է. Արտակ Գաբրիելյան

11
0

Երեկ կեսօրին Վրաստանում ապրող ադրբեջանական համայնքը բողոքի ակցիա էր կազմակերպել Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց՝ պահանջելով ապամոնտաժել հայ հերոսի՝ Միքայել Ավագյանի կիսանդրին։ Այս թեմայի շուրջ Araratnews.am-ը զրուցել է Սամցխե-Ջավախքի և Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհրդի համակարգող Արտակ Գաբրիելյանի հետ՝ հասկանալու, թե ինչ տրամադրություններ են տիրում ջավախահայության շրջանում:

Գաբրիելյանի խոսքով՝ Վրաստանում բնակվող ադրբեջանցիների բողոքի ալիքն առաջին դեպքն է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը հասցնում է Վրաստան, ինչը կարող է այլ պատճառներ ունենալ:

«Այս տարիների ընթացքում երբևիցե չեմ հիշում մի դեպք, երբ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը տեղափոխվեր Վրաստանի սահմաններից ներս։ Ուստի, պետք է հետևություն անենք, որ ադրբեջանցիների քայլն ուղղված է ոչ թե արձանի ապամոնտաժմանը, այլ քաղաքական նպատակներ է հետապնդում։ Իհարկե, մենք կարող ենք միայն ենթադրություններ անել, որ դա կարող է կապված լինել Վրաստանում սպասվող 2020 թ. խորհրդարանական ընտրությունների հետ, դա վկայում է այն, որ  միտինգի ընթացքում տեսանելի էին նաև Վրաստանի ընդդիմության «ականջները», որովհետև այս քսան օրերի ընթացքում Վրաստանում միայն ընդդիմադիր լրատվամիջոցներն են անդրադարձել այս թեմային, անգամ «Ռուսթավի 2» հեռուստաընկերությունից եկել ոչ միայն Միքայել Ավագյանի, այլև Անդրանիկի կիսանդրին էին նկարահանել, և դրանք բոլորը ներկայացնում էին սեպարատիզմի ֆոնի վրա»,- նշում է Գաբրիելյանը:

Իսկ թե Բուղաշենում իրավիճակն ինչպիսին է, այս վերջին օրերի լարվածությունն ինչպես է ազդել հայ համայնքի վրա, Գաբրիելյանը պատասխանեց. «Ոչ միայն Բուղաշենում, այլև ամբողջ Ջավախքում շատ կոշտ տրամադրություններ կան, կարծում եմ՝ հակազդեցությունն ավելի մեծ կլինի, քան ադրբեջանցիների կազմակերպած հանրահավաքն էր: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջավախքից Արցախյան ազատամարտին բազմաթիվ հայորդիներ են մասնակցել, մի քիչ ծիծաղելի է ադրբեջանցիների պահանջը»:

Հարցին, թե ինչպես է արձագանքել վրացական կողմը, բանախոսը նշեց, որ Վրաստանի իշխանությունների պատասխան արձագանքը դեռևս չկա. «Չեմ կարծում, որ վրացական իշխանությունները գնան արձանի ապամոնտաժման քայլին: Ադրբեջանցիների ներկայացրած տեսակետները, թե Միքայել Ավագյանը կռվել է նաև Աբխազիայում, ուղղակի Ջավախքում սեպարատիզմի հրահրման քայլ է, սա հակավրացական քայլ է»,- ասաց Գաբրիելյանը՝ եզրափակելով, որ Ջավախքում տրամադրությունները շատ հաղթական են, ու ջավախքցիները պատրաստ են պայքարելու իրենց իրավունքների համար: