Գլխավոր Լուրեր Ադրբեջանի ԱԳ նախարարը արժեզրկում է խաղաղ գործընթացի լրջությունը. Աննա Նաղդալյան

Ադրբեջանի ԱԳ նախարարը արժեզրկում է խաղաղ գործընթացի լրջությունը. Աննա Նաղդալյան

1
0

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը մեկնաբանել է Ադրբեջանի ԱԳ նախարարի վերջին հայտարարությունը՝ Վաշինգտոնում կայացած խորհրդակցությունների վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը. նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեզրկում է խաղաղ գործընթացի լրջությունը:

«Ինչպես նշել էինք դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր: Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները:

Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը»,-նշել է Աննա Նաղդալյանը:

Վաշինգտոնում հունիսի 20-ին կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Ինչպես հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը, Ադրբեջանի նախագահ Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները առաջարկներ են ներկայացրել քննարկման համար: Նա ընդգծել է, որ Վաշինգտոնում համանախագահներն առաջարկել են «զորքերի դուրսբերում և խաղաղապահների տեղակայում»: