Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնում Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով վեհաժողովի 4 պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ. այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում կատարած գրառում է կատարել Արփինե Հովհաննիսյանը:
Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ընթացքում վեհաժողովում կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ անկախ հետաքննող մարմինը ներկայացրել էր իր զեկույցը:
«Հետաքննությունը կազմվել է ԵԽԽՎ քարտուղարության աշխատակիցների, ԵԽԽՎ պատվիրակների, ԵԽ-ում անդամ երկրների մի շարք դեսպանների վկայությունների, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, լրատվամիջոցների բացահայտումների հիման վրա։
Անկախ մարմնի զեկույցի հիման վրա ԵԽԽՎ-ում ընդունվել է համապատասխան բանաձև, որում, այլ առաջարկությունների և սահմանած հետագա գործողությունների հետ մեկտեղ, կոչ է արվել կոռուպցիոն գործարքներում ներգրավված ԵԽԽՎ գործող պատվիրակներին հրաժարական տալ:
«Մայիսի 15-ին տեղի ունեցած Վեհաժողովի Կանոնակարգի հարցերի հանձնաժողովը շարունակել է հարցի քննարկումը` անդրադառնալով չորս անդամի գործերին՝ Պեդրո Ագրամունտի (Իսպանիայի պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ նախկին նախագահ, EPP խմբի անդամ), Խորդի Չուկլայի (Իսպանիայի պատվիրակության անդամ, ALDE խմբի անդամ), Սամադ Սեիդովի (Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, EC խմբի անդամ), Չեզար Պրեդայի (Ռումինիայի պատվիրակության անդամ, EPP խմբի անդամ):
Համաձայն հանձնաժողովի որոշման՝ նշված պատգամավորները կոպտորեն խախտել են Վեհաժողովի անդամի կանոնակարգը և զրկվում են կազմակերպությունում որևէ պաշտոն զբաղեցնելու, զեկուցող նշանակվելու, անդամ երկրներում ընտրություններ դիտարկելու, վեհաժողովն այլ մարմիններում ներկայացնելու և այլ իրավունքներից:
Ագրամունտի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են 10 տարով, իսկ մնացած 3 պատգամավորների նկատմամբ՝ 2 տարով»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը: