// //

Երկուշաբթի , 25 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ադրբեջանում լուրջ անհանգստացած են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից. ադրբեջանագետ

    Ադրբեջանում լուրջ անհանգստացած են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից. ադրբեջանագետ

    Ադրբեջանում լուրջ անհանգստացած են Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից. ադրբեջանագետ
    Մարտ 14, 2019 15:45 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթում նաև Ադրբեջանի ժողովրդին խաղաղության նախապատրաստելու հարցում ներդրում ունենալու և Ադրբեջանի ժողովրդի հետ երկխոսելու պատրաստակամության վերաբերյալ մոտեցումների նշանակության շուրջ … կայքի թղթակիցը զրուցել է ադրբեջանագետ Սաթենիկ Պետրոսյանի հետ։

    Փորձագետի կարծիքով՝ ինչպես ներկա շրջափուլում Ադրբեջանում ստեղծված ներքաղաքական իրավիճակի, այնպես էլ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում ակնկալվող զարգացումների համատեքստում ՀՀ վարչապետի հայտարարությունը բավական կարևոր է և արդիական է և միանշանակորեն իր ազդեցությունն է ունենալու հարևան  երկրի հասարակության տարբեր շերտերի վրա։ Վստահաբար, կարելի է արձանագրել, որ վերջին ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական փոփոխություններն ու ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների ամրապնդմանը միտված քայլերը լայն արձագանք են գտել նաև Ադրբեջանում՝ որոշ հասարակական-քաղաքական շրջանակներում հանգեցնելով հաճախ  «նախանձի» առաջացման, իսկ երբեմն անգամ որոշակիորեն ազդելով այդ երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների վրա։

    «Վերոնշյալն այնքան ակնհայտ է, որ անգամ Ադրբեջանում մամուլի տոտալ վերահսկման պայմաններում լիովին հնարավոր չի լինում մեղմել նման միտումները»,- նշեց Պետրոսյանը, ապա հավելեց, որ այս իրավիճակում հասարակության մոտեցումների ուսումնասիրության առավել արդյունավետ հարթակ են սոցիալական ցանցերը, երբեմն անհատական-մասնագիտական քննարկումները. այս ուղղությունն  արդեն մի քանի տարի է մեր մասնագիտական թիմի առանցքային խնդիրներից է: Հետևաբար, ուսումնասիրելով սոցիալական ցանցերի ադրբեջանական տիրույթում, բազմաթիվ խմբերում տեղ գտած հրապարակումները, գրառումները, ակնհայտ կերպով երևում է հասարակության ստվար շերտերի տպավորությունները, անգամ բավական զուսպ մոտեցումները ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների, հատկապես ՀՀ վարչապետի հայտարարությունների առնչությամբ: Ուստի միանշանակորեն կարելի է պնդել, որ Հայաստանի վարչապետի՝ Ադրբեջանի ժողովրդի հետ հեռակա երկխոսության պատրաստակամությունը, դրա իրացումը լուրջ արձագանք և ազդեցություն կարող է ունենալ հարևան երկրում կանխատեսվող տարաբնույթ զարգացումների համատեքստում:

    Միևնույն ժամանակ Հայաստանից հնչող հայտարարությունները մեծ անհանգստություն են առաջացրել իշխանական մամուլում և փորձագիտական շրջանակներում։ Մամուլում շրջանառվող հրապարակումների մի զգալի մասը նվիրված է ՀՀ վարչապետի հայտարարությունների մեկնաբանմանն ու ադրբեջանական քարոզչական հիմնական թեզերով դրանց ազդեցությունը նվազեցնելու միտումներին: Իսկ ընդդիմադիր շրջանակները ՀՀ կողմից արվող քայլերը դիտարկում են «իբրև ապտակ Ադրբեջանի՝ կոռուպցիոն սկանդալներով և մարդու իրավունքների խախտումներով հայտնի իշխանությանը»։

    Պետրոսյանի կարծիքով՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացում Ն․ Փաշինյանի հնչեցրած մոտեցումը, թե Հայաստանն իրավասու չէ խոսել Արցախի իշխանությունների և ժողովրդի անունից, հատկապես լայն ազդեցություն է ունեցել Ադրբեջանի տեղաբնիկ ժողովուրդների՝ մասնավորապես թալիշների, լեզգիների, թաթերի շրջանում, որոնք նույնպես ունեն կամարտահայտման խնդիր Ադրբեջանի կազմում: Այս մոտեցումը տեղաբնիկ ժողովուրդների ակտիվ հասարակական շրջանակների կողմից գնահատվում է որպես ժողովրդավարության բացարձակ դրսևորում, որից առանց չափազանցության սարսափում է Բաքվի բռնապետական վարչակարգը: «Ի դեպ, հարկ եմ համարում ընդգծել նաև, որ հատկապես վերջին շրջանում վերոնշյալ շրջանակների կողմից առավել հաճախ է հնչում այն տեսակետը, որ ալիևյան վարչակարգի կողմից  ԼՂ հանդեպ հավակնությունների ցուցադրական դրսևորումը, ռազմատենչ հռետորաբանությունը նախ և առաջ պայմանավորված է երկրի միասնականությունը պահպանելու վախով, այսինքն՝ բացահայտ ուղերձ է՝ միտված տեղաբնիկ ժողովուրդների ազատատենչ ձգտումները զսպմանը, և անգամ իշխանության նեղ շրջանակներում վաղուց հաշտվել են Արցախի վերջնական կորստի հետ»,- նշեց ադրբեջանագետը:

     

     


    scroll to top
    //