Իրանում կայանալիք նախագահական ընտրություններին իրավունք կունենա մասնակցելու 6 թեկնածու, այդ թվում՝ երկրի գործող նախագահ Հասան Ռոհանին և Պահպանողական ճամբարի առաջնորդներից մեկը՝ Էբրահիմ Ռեյիսին: ԻԻՀ նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադի մասնակցությունն ընտրություններում չի թույլատրվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Թեկնածուների վերջնական ցուցակը, ովքեր կկարողանան մասնակցել մայիսի 19-ին կայանալիք նախագահական ընտրություններին, կհրապարակվի ապրիլի 27-ին: Հաղորդվում է, որ թեկնածու առաջադրվելու ցանկություն է հայտնել ավելի քան 1600 մարդ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ապրիլի 12-ին Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադն առաջադրել է իր թեկնածությունը երկրի նախագահական ընտրություններում:
Իսլամական Հանրապետության Սահմանադրության համաձայն՝ նախագահ կարող է լինել երկրի ցանկացած քաղաքացի, ով իսլամի և իսլամական ռեժիմի ակտիվ կողմնակից է: