63 կողմ ձայնով առաջին ընթերցմամբ Ազգային ժողովում ընդունվեց Կառավարության կողմից ներկայացված «Աջակողմյան ղեկային տեղաբաշխման տրանսպորտային միջոցների ներմուծումը ժամանակավոր արգելելու մասին» օրենքի նախագիծը, որին դեմ էր քվեարկել 34 պատգամավոր:
Վարման կարգով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր խոսքում նշեց, որ իրենց դիրքորոշումը պայմանավորված է օրինագծում ներկայացվող հիմնավորման ոչ պատշաճ ձևակերպումներով. «Ծառուկյան» դաշինքի դիրքորոշումը` այս նախագծի հետ կապված, պայմանավորված է նրանով, որ նախագծի հեղինակներն այդպես էլ չկարողացան համոզիչ հիմնավորում բերել աջ ղեկով ավտոմեքենաների ներմուծումն արգելելու վերաբերյալ: Եթե գլխավոր հիմնավորումն այն էր, որ դրա վարումը, շահագործումը վտանգում են մարդկանց կյանքը, առողջությունը, ապա ո՞րն է տրամաբանությունը եղածներին թողնել շարունակել, և նաև ներմուծումը ժամանակավորապես արգելել»:
«Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանն էլ ընդգծեց. «Մեր երկրում ձախակողմյան ղեկով մեքենաների միջին տարիքը 21 է, իսկ աջակողմյաններինը՝ 14: Մենք սա արգելելով` նաև նպաստում ենք, որ ավելի հին և ավելի էժան մեքենաներ մտնեն երկիր, որն ավելի վնասակար է և՛ էկոլոգիային, և՛ իր վտանգավորությամբ: Մենք դեմ ենք քվեարկելու»: