Երկուշաբթի , 22 Հունվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Լուրեր » Աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելվեց․ կառավարությունը հաստատեց

    Աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելվեց․ կառավարությունը հաստատեց

    Աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելվեց․ կառավարությունը հաստատեց
    Հունվար 11, 2018 11:33 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց ապրիլի մեկից արգելել Հայաստանի Հանրապետություն աջակողմյան մեքենաների ներմուծումն ու շահագործումը։ Որոշման նախագիծը գործադիրի հաստատմանը ներկայացրեց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը։ Նա ասաց, որ օրենքի նախագծով բոլոր այն վարորդները, ովքեր մինչեւ 2018 թվականի ապրիլի 1-ը կներմուծեն աջ ղեկով ավտոմեքենաներ, կարող են առանց խնդիրների շահագործել։

    Նիստը վարող փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը մեկ անգամ եւս հետաքրքրվեց․ «Ես ճի՞շտ եմ հասկանում, որ որեւէ քաղաքացի, որ այժմ ունի աջակողմյան մեքենա, որեւէ սահմանափակման չի՞ ենթարկվելու»։ Ի պատասխան Մարտիրոսյանը կրկնեց․ «Այո՛, նրանք, ովքեր մինչ այսօր եւ մինչեւ ապրիլի մեկը ձեռք կբերեն աջ ղեկով մեքենա, կարող են շահագործել, վաճառել,  ցանկացած գործողություն անել»։ Վաչե Գաբրելյանը դարձյալ կրկնեց․ «Այսինքն` եթե վարորդը պատվիրել է աջակողմյան ղեկով մեքենա, որը պետք է հասնի հաջորդ շաբաթ, կարո՞ղ է շահագործել»։ Գաբրիելյանի նույնաբովանդակ հարցերն առաջացրեցին ոչ միայն Մարտիրոսյանի, այլ նաեւ գործադիրի մյուս անդամների ծիծաղը։ Մարտիրոսյանը դրական պատասխան տվեց։

    Ինչ վերաբերում է փոխվարչապետի մյուս դիտարկմանը, որ մամուլում բարձրացվում են հարցեր,  թե կա՞ն փաստացի հիմքեր, համաձայն որի դադարեցվում են աջ ղեկով մեքենաների ներմուծումն ու շահագործումը, թե՞ մտահոգությունները տեսական են։ Ի պատասխան Մարտիրոսյանն ասաց, թե սահմանափակումը կատարվում է նախ օրենքով, եւ հետո` վիճակագրությունը փաստում է, որ աջ ղեկով մեքենաների շահագործման հետեւանքով առաջացած վթարների թիվը հասնում է 29 տոկոսի, իսկ դրա հետեւանքով վիրավորում ստացողների թիվը` 39 տոկոսի։ Ըստ Մարտիրոսյանի` տվյալները համադրվել են ոստիկանության եւ ապահովագրական գործակալություններից ստացված տվյալների հիման վրա։

    Որոշման նախագիծն ընդունվեց։ Այն համարվեց հրատապ եւ առաջիկայում կներկայացվի խորհրդարան։

    Փայլակ Ֆահրադյան

    122488199673267500288781848048447njpg
    scroll to top