Հինգշաբթի , 24 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    15°
    Home » Լուրեր » Ալիևի հայտարարություններին միջազգային հանրության լռությունը կարող է նոր լարվածության առիթ դառնալ

    Ալիևի հայտարարություններին միջազգային հանրության լռությունը կարող է նոր լարվածության առիթ դառնալ

    Ալիևի հայտարարություններին միջազգային հանրության լռությունը կարող է նոր լարվածության առիթ դառնալ
    Փետրվար 19, 2018 13:20 Լուրեր A+ / A-

    Մյունխենի անվտանգության համաժողովը հնարավորություն էր բավական հեղինակավոր հարթակում ներկայացնելու ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները, խոսել տարածաշրջանային վտանգների մասին, ներկայացնել-վերահաստատել մի շարք հարցերի շուրջ հայկական կողմի տեսակետները: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանն` անդրադառնալով Մյունխենում ՀՀ նախագահի ելույթին ու կատարված շեշտադրումներին՝ Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից՝ տարածաշրջանային մարտահրավերներ, ԼՂ բանակցային գործընթացի ընթացիկ միտումներից՝ հայ- թուրքական հարաբերություններ (կամ դրա բացակայություն), Հայաստան-Ռուսաստան դաշնակցային հարաբերություններից՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների խորացում: «Հատկապես Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումից հետո՝ հարաբերությունների որակապես նոր փուլ տեղափոխումը նոր գործընթացի սկիզբ է ազդարարել: Տարիներ շարունակ և մինչև համաձայնագրի ստորագրման պահը շատերն էին թերահավատորեն մոտենում այս պրոցեսին՝ կարծելով, որ Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների մակարդակն ու Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի ներկայությունը կարող են լուրջ խոչընդոտ լինել Եվրամիության հետ բավական հավակնոտ գործընթաց սկսելու համար»,- ասաց Տիգրան Աբրահամյանը: Երկրորդ, Ադրբեջանը գնում է ընտրություններին, ինչը, ըստ Տիգրան Աբրահամյանի, ենթադրում էր պետական քարոզչական քաղաքականության կոշտացում, հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանի նախագահը տարածքային նկրտումներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքների նկատմամբ: Ըստ նրա` սա լավ առիթ էր այս գործընթացների ընթացքը, հնարավոր ռիսկերն ու հետևանքները միջազգային լսարանին հասցնելու և առհասարակ քննարկման օրակարգ մտցնելու համար: «Ճիշտ է՝ Սերժ Սարգսյանի ելույթում ընդգծվեց, որ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը նախընտրական քարոզարշավի համատեքստում է հնչել, սակայն դա չի նշանակում, որ դա իր մեջ լուրջ վտանգներ չի պարունակում, մանավանդ, որ Ադրբեջանի նախագահի հայտարարություններում Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ նկրտումներ առաջին անգամ չէ, որ դրսևորում են: Ադրբեջանից հնչող հայտարարությունները նվազագույնը մինչև նախագահի ընտրություն աստիճանաբար կուժգնանան, նման հայտարարությունների թիվը կտրուկ կաճի, միգուցե այդ հայտարարությունների անդրադարձը մենք կտեսնենք նաև առաջնագծում, սակայն որքան էլ որ այս հայտարարությունները նախընտրական համատեքստում են հնչում, դրանից Ադրբեջանից սպասվող վտանգի մակարդակը չի նվազում»,-ասաց նա: Ավելին, ըստ Տիգրան Աբրահամյանի, այսօրինակ հայտարարություններում Ադրբեջանի նախագահն անկեղծություն է դրսևորում, բացեիբաց խոսում իր երկրի իրական մտադրությունների մասին, ինչի մասին, իհարկե, մենք գիտենք, սակայն սա պետք է միջազգային հանրության սթափության ուղերձներ հասցնի: «Պատահական չէ, որ Հայաստանի նախագահը կարևոր էր համարել խոսել ու այդ հայտարարություններին չարձագանքելու հետևանքների մասին, քանի որ միջազգային հանրության լռությունը, իրավիճակը ոչ սթափ գնահատելու կարողությունը և ինչու չէ, ինչ- որ առումով անտարբեր լինելն էր, որ Ադրբեջանին 2016 թվականի ապրիլին առաջնագծի մի քանի ուղղություններով ռազմական գործողությունների մղեց: Միջազգային հանրության լռությունը կարող է նոր լարվածության առիթ դառնալ, որովհետև շատ դեպքերում Ադրբեջանը նման հայտարարություններով նաև շոշափում է միջազգային հանրության և հատկապես միջնորդ երկրների տրամադրությունները: Պետք է դասեր քաղել Ադրբեջանի քաղաքական վարքագծից, պահվածքից և ժամանակին հակազդել նրա արկածախնդրությանը գնացող գաղափարներին և ծրագրերին»,-հավելեց Տիգրան Աբրահամյանը: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովին «Ներս, թե՞ դուրս. Ռուսաստանի և Եվրոպայի միջև ընկած երկրները» խորագրով քննարկման ժամանակ: Նա իր ելույթում անդրադարձել է Հայաստանի արտաքին քաղաքականության, տարածաշրջանային մի շարք հարցերի:

    Նման թեմաներ

    scroll to top