Գլխավոր Լուրեր Ամաչում եմ, որ եղել եք իմ հայրենիքի վարչապետը․ Գեղարքունիքի մարզպետը՝ Բագրատյանին

Ամաչում եմ, որ եղել եք իմ հայրենիքի վարչապետը․ Գեղարքունիքի մարզպետը՝ Բագրատյանին

12
0

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն արձագանքել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան գրառմանը, որը քննադատում էր նաև մարզպետին։ Սանոսյանը պնդում է, որ ամաչում է, որ Բագրատյանը Հայաստանի վարչապետ է եղել։

 «Պարոն Հրանտ Բագրատյան.

Ես ամաչում եմ, որ դուք մի քանի տարի եղել եք իմ հայրենիքի ՎԱՐՉԱՊԵՏԸ, բայց այդպես էլ չեք տարբերում, թե ՆԱԽԱՐԱՐՆ ինչ գործառույթներ ունի, իսկ ՄԱՐԶՊԵՏԸ՝ ինչ։

Հպարտությամբ նշում եք Որոտան-Արփա ջրատար թունելի կառուցման ու նրանով տարեկան 175 մլն մ³ ջուր Սևան տեղափոխման մասին, բայց այդ ամենից ճիշտ է մեկ բան, որ այդ թունելը կառուցվել է։ Իրականում մինչև այսօր ոչ մի կաթիլ ջուր Որոտանից չի հասել Սևան։ Կամ, եթե չգիտեք, թե ձկներն ինչով են սնվում, ապա պետք չէ դրանից խոսել։

Հ.Գ. Պետք է խոսել այն ոլորտներից, որին տիրապետում եք, իսկ ես շատ լավ կարծիք ունեմ Ձեր մասին՝ որպես լավ տնտեսագետի։

Հ.Գ. Օրինակ՝ ինձ չեք տեսնի ֆիզիկայից խոսելիս, այն, ինչ չգիտեմ (տարրական գիտելիքներից առավելի մասին է խոսքը), չեմ խոսում», – իր ֆեյսբուքյան էջում գրել է մարզպետը։

Մինչ այդ Բագրատյանը քննադատել էր մարզպետին ու գրել, որ ի թիվս այլ պաշտոնյաների, անհրաժեշտ է հեռացնել նաև նրան։

«Սևանի կանաչելը բոլորիս վրա է ազդել։ Կարող են մի քանի պատճառներ լինել. կեղտաջրեր, ջրի մակարդակի բարձրացում, էկոլոգիական հավասարակշռության խախտում և այլն։ Կամ էլ՝ բոլորը միասին։ Խոսեմ վերջինից։ Լճից անվերահսկելի քանակի ձուկ որսալու դեպքում ջրիմուռները ծաղկում են։ Որովհետև ֆլորան սկսում է գերակայել ֆաունայի նկատմամբ։ Նման փորձ, իհարկե շատ ավելի մեղմ, մենք էլի ենք ունեցել։

Որպես կանոն, դա պատահում է ինտենսիվ ձկնագողության ժամանակ։ Միայն այս տարի 3 անգամ այդ ճանապարհով գնացել եմ Արցախ. 50-100 մետրը մեկ մարդիկ 2 ձեռքները տնկած ձուկ են առաջարկում։ Հենց նրանց կողքին բացեիբաց տաշտերի մեջ տասնյակ կամ 100-որ կգ ձուկ։ Նման կոռուպցիա երբեք չի եղել։ Մեր ժամանակ ՆԳՆ-ն ամիսը մեկ գոնե ռեյդեր էր անցկացնում։

Գողություն միշտ էլ կար, բայց հիմա դա ցինիզմի է հասել։ Դրան գումարած պիտի հորդորեի կառավարությանը հրապարակել վերջին 5 տարիներին (նաև առաջին կիսամյակներին) լիճ լցրած մանրաձկան քանակը։ Խոսքը Սևանի և այլ մի քանի մասնավոր ձկնաբուծարանների մասին է։ Հնարավոր է, որ լճում պարզապես ձուկ չկա կամ շաաատ քիչ կա։ Խնդրին նպաստում է նաև այն, որ չինական նոր ուռկանները մանրաձուկն էլ են բռնում։ Որոշ ռեստորանների մանրաձկով ուտեստները պարզապես քար զարմանք են առաջացնում։

Հիմա կարող է լիճը հետ գալ։ Բայց ձկնագողության կարգավորված չլինելը մեկ անգամ չէ, որ կանաչեցնելու է լիճը։ Ու մի օր դա լինելու է անդառնալի։ Կարծում եմ նաև, որ մարզպետին ու բնապահպանության պատասխանատուին (նախարար կար, հիմա չգիտեմ ով է) պետք է հեռացնել պաշտոնից և քրեական գործ հարուցել», – գրել է Բագրատյանը: