Գլխավոր Լուրեր ԱՄՆ-ի Կոնգրեսը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ անող բանաձև է ընդունել

ԱՄՆ-ի Կոնգրեսը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ անող բանաձև է ընդունել

3
0

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչ անող բանաձևը: Մայիսի 10-ին Կոնգրես նարկայացված բանաձևում կոչ է արվում Թուրքիային հանել ամերիկյան F-35 կործանիչների համատեղ արտադրության նախագծից, եթե այդ երկիրը ավարտին հասցնի ռուսական S-400 ՀՕՊ համակարգերի գնման գործընթացը:

Բանաձևում հիշեցվում է, որ Թուրքիան ու ԱՄՆ-ը 1952 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի շրջանակներում դաշնակից երկրներ են, որի շրջանակներում պարտավորված են համատեղ ջանքեր գործադրել կոլեկտիվ պաշտպանության, խաղաղության ու անվտանգության պահպանման ուղղությամբ:

Նշվում է, որ հակառակ ԱՄՆ-ի հետ ունեցած տարածաշրջանային շահերին՝ Թուրքիան համագործակցում է Ռուսաստանի ու Իրանի հետ, օկուպացիայի տակ է պահում հյուսիսային Կիպրոսը, հեռանում է ժողովրդավարական նորմերից, ոտնձգություններ է իրականացնում ազատ մամուլի վրա, ԱՄՆ-ի քաղաքացիներին ու ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցներին անհիմն կերպով ձերբակալում է, որոնց հետևանքով ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններում խնդիրներ են ի հայտ գալիս:

Բանաձևում հիշեցվում է, որ ռուսական պաշտպանական կամ էլ հետախուզական սեկտրի հետ կարևոր գործարքներ կնքող անձանց կամ կազմակերպությունների նկատմամբ անպայման պետք է պատժամիջոցներ կիրառել՝ համաձայն CAATSA օրենքի («Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին օրենք»):

Նշվում է, որ Թուրքիայի՝ ռուսական S-400 համակարգերի գնումը վնասում է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի մյուս դաշնակիցների անվտանգությանը և չի համապատասխանում F-35 կործանիչների արտադրությանը մասնակցելու և այդ ինքնաթիռները իր սպառազինության մեջ ներառելու ծրագրին:

Միաժամանակ հիշեցվում է, որ Թուրքիան կարևոր գործընկեր է F-35-ների ծրագրում, քանի որ արտադրում է ինքնաթիռի որոշ դետալներ, իր տարածքում հիմնել է ինքնաթիռների սպասարկման կենտրոն՝  այդպիսով 1.25 մլրդ դոլարի ներդրում կատարելով ծրագրում:

Բանաձևում թվարկվում է նաև պաշտպանական ոլորտում  F-35-ների ծրագրից հանելուց բացի Թուրքիայի վերաբերյալ կիրառվելիք հնարավոր այլ պատժամիջոցներ: Այդպիսիք կարող են լինել CH-47F Chinook, UH-60 Black Hawk ուղղաթիռների, F-16 ինքնաթիռների ու այլ ռազմական տեխնիկայի վաճառքի կասեցումը:

Աղբյուր`  ermenihaber.am