Գլխավոր Լուրեր ԱՄՆ-ում Քևին Սփեյսիին առաջադրված մեղադրանքը հանվել է

ԱՄՆ-ում Քևին Սփեյսիին առաջադրված մեղադրանքը հանվել է

2
0

Մասաչուսեթս նահանգի դատախազությունը հանել  է դերասան Քևին Սփեյսիին առաջադրված մեղադրանքները, որոնցով նա մեղադրվում էր հեռուստավարողի 18-ամյա որդու նկատմամբ սեռական բնույթի ոտնձգությունների մեջ: Երիտասարդը պնդել  է, թե  Սփեյսին 2016-ին Նանտակետ կղզու ռեստորանում իր նկատմամբ ոտնձգություն է թույլ  տվել:

Ենթադրյալ տուժողը պատմել է, թե երեք տարի առաջ դերասանն իրեն ռեստորանում ոգելից խմիչքով հարբեցրել է, որից հետո սկսել ոտնձգություն կատարել: Ի հետևանք՝ Սփեյսիին մեղադրանք են առաջադրել անառակաբարո գործողությունների և վիրավորական պահվածքի համար: Դերասանը մեղքը չէր ընդունել:

Դատական լսումների ընթացքում Սփեյսին հայտարարել  է, որ երիտասարդի սմարթֆոնից, որտեղ պահպանվել են տեսագրություններն ու հաղորդագրությունները, որոնք ներկայացվել  էին որպես մեղադրանքի ապացույց, տվյալների մի մասը հեռացվել  է, ինչն ինքնին հանցագործություն է:

Դատավորը պահանջել էր ներկայացնել սմարթֆոնը, սակայն երիտասարդի փաստաբանները հայտարարել են, թե հեռախոսը կորել  է: Իսկ երբ դատավորը  ցուցմունք տալու համար հրավիրել է տուժածին, նա վկայակոչել է ԱՄՆ Սահմանադրության 5-րդ ուղղումը, որ  թույլ  է տալիս իր դեմ վկայություն չտալ:

Ի պատասխան Սփեյսիի իրավաբանները առաջարկել են գործը կարճել՝ թույլ տրված խախտումների համար: Դատախազությունը որոշեց դերասանին առաջադրված մեղադրանքը հանել:

Հիշեցնենք, որ Սփեյսիին մեղադրել են մի քանի երկրում սեռական բնույթի ոտնձգությունների մեջ, #MeTo շարժման ալիքի վրա այդ մեղադրանքները լայն տարածում գտան և վնասեցին դերասանի կարիերային: Սակայն դրանցից և ոչ մեկը, բացի Նանտակետ կղզու գործից, դատարան չէր հասել: