Գլխավոր Լուրեր Սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալվել են Վարդան Օսկանյանի տղան ու նրա աներձագի տղան

Սպանության սպառնալիքի կասկածանքով ձերբակալվել են Վարդան Օսկանյանի տղան ու նրա աներձագի տղան

4
0

37876673652c60763e75d6b78f36bfad

2017 թ. փետրվարի 17-ին ոստիկանությունից ստացվել են քաղաքացու հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առ այն, որ 2017թ. փետրվարի 16-ին իր ընկեր Հ.Սիրադարյանը և նրա հորաքրոջ որդին` Ա.Օսկանյանը, իրենից պահանջել են վերադարձնել պարտքի գումարը, որի ընթացքում իր կամքին հակառակ իրեն պահել են ավտոմեքենայի մեջ և թույլ չեն տվել դրանից դուրս գալ` առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով:

Նկատի ունենալով, որ նյութերը պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործության հատկանիշներ` փետրվարի 17-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ:

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական մեծ հետաքրքրությունը` տեղեկացնում ենք, որ քննությամբ ձեռք բերված նախնական տվյալներով փետրվարի 16-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի «Ռոբերտո» խանութ-սրահի հարակից հատվածից Ն.Բերբերյանին նստեցրել են ավտոմեքենայի մեջ, գնացել Աբովյան քաղաք և նրա կամքին հակառակ և իր առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքներ հնչեցնելով՝ ապօրինաբար զրկել ազատ տեղաշարժվելու իրավունքից և պահանջել  վերադարձնել 1.500.000 ՀՀ դրամ պարտքը:

Փետրվարի 17-ին  Ա.Օսկանյանը և Հ.Սիրադարյանը ձերբակալվել են ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցավոր արաք կատարելու կասկածանքով: Վերջիններս հրաժարվել են ցուցմունք տալ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, տուժողի մատնանշած հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Քննության արդյունքների մասին տեղեկույթ կտրամադրենք պարբերաբար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: