Գլխավոր Բլոգ Անհեթեթ մեղադրանքներ՝ Արսեն Թորոսյանից. տեսչական մարմինն արձագանքել է

Անհեթեթ մեղադրանքներ՝ Արսեն Թորոսյանից. տեսչական մարմինն արձագանքել է

1
0

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «անհեթեթ մեղադրանքներ» է ներկայացրել տեսչական մարմնին՝ հանրային առողջապահական որոշ ծրագրեր իբր խոչնդոտելու վերաբերյալ: Այս մասին նշված է ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածած հայտարարությունում:

«Ցավում ենք, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնող անձը, որին վստահվել է ոլորտային քաղաքականության մշակման պատասխանատվություն, դիմում է նման էժանագին և մանիպուլյատիվ շահարկումների, չբերելով ոչ մի հստակ փաստարկ և դիրքավորվելով բացառապես հուզականության դաշտում:

Իսկ իրականում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը իր ողջ մասնագիտական ներուժով աջակցում է բոլոր այն հանրային առողջապահական ծրագրերին, որոնք իրականացվում են՝ պահպանելով մեր երկրի գործող օրենսդրությունը, չեն պարունակում մեր հայրենակիցների առողջությանը անդառնալի վնասներ հասցնելու հնարավոր ռիսկեր և ունեն պատշաճ ապացուցողականություն և գիտական հիմնավորվածություն:

ՀՀ առողջապահության նախարարը, տիրապետելով նախնական տեղեկատվության, որ մեր մարմինը, օրենքով սահմանված կարգով և ամբողջությամբ իր լիազորությունների շրջանակներում , այս պահին իրականացնում է վարչական վարույթներ հանրապետության գրեթե բոլոր մարզերում և Երևան քաղաքում, որի շրջանակներում ուսումնասիրվում է իմունոկանխարգելման գործընթացի կազմակերպման ողջ շղթան, և հավանաբար գիտակցելով հայտնաբերված խախտումների համար պատասխանատվության իր բաժինը ունենալու հետևանքների բեռը՝ որպես այդ գործնթացի կազմակերպման պատասխանատու, փորձում է «կանխարգելիչ հարվածներ» հասցնել տեսչական մարմնին և թույլ չտալ ավարտին հասցնել վարույթները:

Անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը չի կաշկանդվելու որևէ հրապարակումից կամ կադրային փոփոխությունների սպառնալիքից և իրականացնելու է իր առաքելությունը՝ մնալով բացառապես գործող օրենսդրության շրջանակներում: Մենք խորապես գիտակցում ենք այն պատասխանատվության բեռը, որը դրված է տեսչական մարմնի վրա, որպես առողջապահության և աշխատանքի անվտանգության ոլորտներում վերահսկողություն իրականացնողի, և մեր ողջ գործունեությունը միտված է պաշտպանելու ազգաբնակչության առողջ և անվտանգ միջավայրում ապրելու իրավունքը, եթե նույնիսկ դրա համար անհրաժեշտ է լինում պարբերաբար սթափեցնելով որոշ արկածախնդիրների և ստիպել նրանց հարգել մեր երկրի օրենսդրությունը և դուրս չգալ նրա սահմաններից:

Տեղեկացնում ենք նաև, որ հաշվի առնելով հայտնաբերված խախտումների մեջ առերևույթ հանցակազմի առկայության նշանները, նյութերը կուղարկվեն նաև իրավապահ մարմիններին’ համապատասխան ընթացք տալու նպատակով:

Հիշեցնենք, որ նախօրեին քաղաքացուց ստացած դիմումի հիման վրա տեսչական մարմինը տուգանել էր Արսեն Թորոսյանի ընկեր, բժիշկ Վահե Տեր-Մինասյանին՝ հեռուստաթերթում Գարդասիլ պատվաստանյութը գովազդելու համար:

Արսեն Թորոսյանն էլ ասել էր.  «Շատ անհեթեթ վարչական  վարույթ է»: