Գլխավոր Լուրեր Անմեղ են, թե մեղավոր՝ կորոշի ՀՀ օրենսդրությունը․ Չոբանյանը՝ ձերբակալվածների հարազատներին

Անմեղ են, թե մեղավոր՝ կորոշի ՀՀ օրենսդրությունը․ Չոբանյանը՝ ձերբակալվածների հարազատներին

7
0

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը մարզպետարանում հանդիպել է Իջևանի դեպքերից հետո ձերբակալվածների հարազատների հետ, ովքեր բողոքի ակցիա են իրականացնում։ Մարզպետը նշել է, որ նրանց պահանջն անօրինական է:

«Նրանք, որոնց խնդիրն անօրինականությամբ զբաղվելն է, անօրինական ծառահատում, վաճառք կազմակերպելն է, Հայաստանում անօրինականությունը խթանելն է, կոռուպցիան զարգացնելն է: Դուրս եկեք, դուք հիմա 20 հոգով այստեղ կանգնած եք, գիտեմ՝ ինչու եք կանգնած, շրջեք Իջևանի փողոցներում և մարդկանց հարցրեք իրենց կարծիքն այս ամենի մասին: Նրանք կասեն՝ պատժեք այդ մարդկանց, որովհետև իրավունք չունեն մեզ պատկանող անտառը վերացնել»,- ասաց Չոբանյանը:

Ինչ վերաբերում է ձերբակալվածներին, Չոբանյանը նկատեց․ «Անմեղ են, թե մեղավոր՝ կորոշի ՀՀ օրենսդրությունը: 1 տարի առաջ հեղափոխություն ենք արել հանուն արդարության, պետականության, թույլ չենք տա, որ որևէ մեկը հեղափոխություն անի կամ ճանապարհ փակի հանուն անարդարության և ընդդեմ պետականության»։

Մարզպետը ներկաներին հորդորեց տուն գնալ ու չշարունակել ցույցերը: