Երկուշաբթի , 22 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    12°
    Home » Լուրեր » Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ քննարկվել են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը կազմակերպելու հարցերը

    Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ քննարկվել են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը կազմակերպելու հարցերը

    Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ քննարկվել են քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը կազմակերպելու հարցերը
    Մայիս 17, 2018 23:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հրատապ աշխատանքային հանդիպում մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների և մասնագետների մասնակցությամբ:

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների հետ կապված հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում և դրանց լուծման կարճաժամկետ ու երկարաժամկետ ուղիները:

    Մասնակիցները պատրաստակամություն են հայտնել համախմբել իրենց ուժերը՝ քաղցկեղով հիվանդ երեխաների համապատասխան բուժման կազմակերպումը շարունակելու նպատակով: Սա, մասնավորապես, նշանակում է, որ Հայաստանի կլինիկաներում բուժվող մանկական քաղցկեղով հիվանդները կստանան անհրաժեշտ բուժումը, և բուժող բժիշկներն ու օգնության կարիք ունեցող մանկական քաղցկեղով հիվանդները կարող են դիմել հիմնադրամներին՝ անհրաժեշտ օգնության կազմակերպման համար:

    Բացի այս պահին առկա հրատապ խնդիրների լուծման ուղղությամբ քայլեր ձեռնարկելուց, հիմնադրամները համատեղ կաշխատեն նաև ոլորտի առողջացման ու երկարաժամկետ ծրագրերի մշակման ուղղությամբ:

    Այս նպատակով, խորհրդակցության արդյունքում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կղեկավարի տիկին Աննա Հակոբյանը: Աշխատանքային խմբի կազմում են մանկական ուռուցքաբան, արյունաբան Սամվել Դանիելյանը, «Օգնեմ» հիմնադրամի նախագահ Էդգար Գյանջումյանը, «Առողջության Կամուրջ» հիմնադրամի նախագահ Անահիտ Բարսեղյանը, «Ֆոնդ100» հիմնադրամի նախագահ Տիգրան Բալոյանը և հոգաբարձուների խորհրդի անդամ Լուսինե Բադալյանը, «Մենք ենք» հիմնադրամի նախագահ Սոնա Ազարյանը, «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Սարգսյանը և մանկական ուռուցքաբան, արյունաբան Գևորգ Թամամյանը: Աշխատանքային խումբը բաց է համագործակցության և առաջարկությունների համար, և ցանկացողները կարող են կապ հաստատել վերը նշված հիմնադրամների ու անհատների հետ:

    Մոտակա շաբաթներին աշխատանքային խումբը կներկայացնի ոլորտի զարգացման ճանապարհային քարտեզը:

    «Անհրաժեշտ է նաև նշել, որ մանկական քաղցկեղով հիվանդ երեխաների բուժումը պահանջում է բավականին մեծ ֆինանսական ռեսուրսներ և մեր բոլորի՝ նույնիսկ աննշան թվացող աջակցությունը կարող է բերել մեծ արդյունքների: Եթե բոլորս միավորենք մեր ուժերը, ապա կկարողանանք ոչ միայն լուծել մանկական քաղցկեղով երեխաների խնդիրը, այլև քաղցկեղով բոլոր հիվանդների համար ապահովել արժանապատիվ և ժամանակակից բուժում:

    Եվ ուրեմն՝ ի գործ:

    Ստորև ներկայացվում են հիմնադրամների կոնտակտային տվյալները.
    «Առողջության Կամուրջ» հիմնադրամ – www.bridgeofhealth.org
    «Մենք ենք» հիմնադրամ – www.menqenq.com
    «Օգնեմ» հիմնադրամ – www.ognem.am
    «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամ – www.cityofsmile.org
    «Ֆոնդ100» հիմնադրամ – www.f100.am»,- նշված է վարչապետի տիկնոջ գրասենյակի տարածած հաղորդագրությունում:

    Նման թեմաներ

    scroll to top