Երկուշաբթի , 23 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    19°
    Home » Լուրեր » Ապացույցներ կեղծած քննիչի գործի նախաքննությունն ավարտվել է

    Ապացույցներ կեղծած քննիչի գործի նախաքննությունն ավարտվել է

    Ապացույցներ կեղծած քննիչի գործի նախաքննությունն ավարտվել է
    Ապրիլ 13, 2018 14:28 Լուրեր A+ / A-

    ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով պարզվել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Ռաֆիկ Կարապետյանն իր վարույթում քննվող` բռնությամբ զուգորդված խուլիգանության դեպքի վերաբերյալ քրեական գործով ապացույցներ է կեղծել:

    Այսպես, Ռ. Կարապետյանը 27.10.2017թ.-ին վարույթ է ընդունել Երևանում գործող «Մոսքոու» դիսկո ակումբում 16.10.2017թ.-ին մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն կատարելու վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործը, որի նախաքննության ընթացքում միջադեպի մասնակիցները` Հովհաննես Աղաքարյանը, Անդրանիկ Փարվանյանը և Սվետլանա Իբրաջյանը հարցաքննվել են որպես վկաներ և ցուցմունքներ տվել նշված ակումբում իրենց միջև տեղի ունեցած վիճաբանության ընթացքում փոխադարձ հայհոյանքներ տալու և միմյանց հարվածներ հասցնելու մասին:

    Քննիչ Ռ. Կարապետյանը, գիտակցելով, որ նման պայմաններում վերը նշված երեք անձանց արարքները քրեորեն պատժելի են, ցանկացել է կարճել քրեական գործի վարույթը և վերջիններիս քրեական պատասխանատվության չենթարկել: Այդ նպատակով քննիչը վկաներից Ս. Իբրաջյանին հայտնել է, որ եթե վերջինս փոխի իր նախկին ցուցմունքը` հերքի վիճաբանության ընթացքում հայհոյանքներ տալու և փոխադարձ հարվածներ հասցնելու հանգամանքները, ապա կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից:

    Միաժամանակ քննիչը Ս. Իբրաջյանին  հավաստիացրել է, որ վիճաբանության մյուս կողմը նույնպես փոխելու է ցուցմունքները:

    Ստանալով Ս. Իբրաջյանի համաձայնությունը` Ռ. Կարապետյանը վերջինիս անվամբ լրացրել է քրեական գործով ապացույց հանդիսացող` նրա ցուցմունքի բովանդակությամբ լրացուցիչ հարցաքննության մասին արձանագրություն, որում մտցրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ, որ Ս. Իբրաջյանը, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, դեպքի հանգամանքները ճիշտ չի ընկալել, վիճաբանության ընթացքում հայհոյանքներ չեն հնչել ու կողմերն իրար չեն հարվածել:

    Այնուհետև, շարունակելով ապացույցներ կեղծելու ճանապարհով հիշյալ անձանց քրեական պատասխանատվությունից ազատելուն միտված իր գործողությունները` քննիչ Ռ. Կարապետյանը վիճաբանության մյուս կողմին` Հ. Աղաքարյանին և Ա. Փարվանյանին ներկայացրել է, որ Ս. Իբրաջյանն արդեն փոխել է իր ցուցմունքը` հերքելով վիճաբանության ընթացքում հայհոյանքներ տալու և միմյանց հարվածելու հանգամանքները և առաջարկել է, որ վերջիններս էլ նույնաբովանդակ ցուցմունքներ տան: Ստանալով Հ. Աղաքարյանի և Ա. Փարվանյանի համաձայնությունը` Ռ. Կարապետյանը վերջիններիս անվամբ լրացրել է նրանց ցուցմունքների բովանդակությամբ լրացուցիչ հարցաքննության մասին արձանագրություններ, որոնցում մտցրել է կեղծ տեղեկություններ, որ վիճաբանության ընթացքում հայհոյանքներ չեն հնչել ու կողմերն իրար չեն հարվածել:

    Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքները կատարելու` քրեական գործով ապացույցներ կեղծելու համար քննիչ Ռ. Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 2-րդ մասով:

    Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվելու է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

     

    Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղքանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքովսահմանված կարգովդատարանիօրինական ուժի մեջ մտած դատավճռով:

    Նման թեմաներ

    scroll to top