Գլխավոր Իրավական Ապօրինի ջրագիծ՝ քրեակատարողական հիմնարկո՞ւմ. «Վեոլիա ջուր» ՓԲԸ պնդում է

Ապօրինի ջրագիծ՝ քրեակատարողական հիմնարկո՞ւմ. «Վեոլիա ջուր» ՓԲԸ պնդում է

7
0

Ի պատասխան «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հայտարարության, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում
հայտաբերվել է 100 մմ տրամագծով ապօրինի ջրագիծ, ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունը պարզաբանել է, թե «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում շինվերանորոգման աշխատանքների պատճառով օգտագործվում են նախկին ջրագծերը»:
«Վեոլիա ջուր»-ը պնդում է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում իրոք հայտաբերվել է ապօրինի
ջրօգտագործման փաստ, ինչը պատիվ չի բերում տվյալ հիմնարկի ղեկավարությանը:
Փաստն անհերքելի է, քանի որ դիտահորը տեղում է, ջրագիծը՝ նույնպես, միայն արդեն
ապամոնտաժված:

Փաստը հերքելու կամ «պարզաբանման» փորձեր անելու փոխարեն վերջինիս հեղինակները կարող էին պարզապես այցելել դեպքի վայր, հավաստիանալու, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը իրավացի է:

Կատարվածի համար, թերևս, ճիշտ կլիներ հայցել ջրամատակարար կազմակերպության
ներողամտությունը, հայտարարելու փոխարեն, թե «տեղեկությունն իրականությանը չի համապատասխանում և մասնագիտական ոչ լիարժեք ուսումնասիրության արդյունք է»:
Առավել ևս, որ բերված փաստարկը, թե՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում
ընթանում են լայնածավալ շինվերանորոգման աշխատանքներ, այդ թվում՝ արտաքին և ներքին ջրամատակարարման ցանցերի։

Մինչև շինվերանորոգման աշխատանքների ավարտը օգտագործվում են նախկին ջրագծերը, քանի որ կառուցվող ջրագծերից դեռ հնարավոր չէ օգտվել», որևէ կապ չունի գործի էության հետ: Շինվերանորոգման աշխատանքների համար նույնպես պետք է օգտագործել օրինական եղանակով ստացվող և ջրաչափի միջոցով հաշվառվող ջուր, ինչպես և ամենուր:

Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունը «Վեոլիա ջուր»
ընկերության հայտարարությունը հերքում է միայն համազգեստի պատիվը պահելու համար: Մինչդեռ կարծում ենք, որ դրան առավել կնպաստեր սխալն ընդունելն ու թերությունը շտկելը, որպես սեփական համակարգում ապօրինություն թույլ չտալու վճռականության ապացույց: