Ուրբաթ , 24 Մայիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Ապրիլ 24. ինչպե՞ս է այս օրը մտել հայոց պատմության մեջ

    Ապրիլ 24. ինչպե՞ս է այս օրը մտել հայոց պատմության մեջ

    Ապրիլ 24. ինչպե՞ս է այս օրը մտել հայոց պատմության մեջ
    Ապրիլ 24, 2019 14:14 Լուրեր A+ / A-

    Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը Ապրիլ 24-ին է նշվում, քանի որ 1915-ի այդ օրը Պոլսի հայ մտավորականությանը Հայդարփաշա երկաթուղային կայարանից ուղարկեցին մահվան ճամփորդության: Հենց այդպես սկսվեց Արևմտյան Հայաստանում հայ ժողովրդի տեղահանման և բնաջնջման ծրագիրը, որը շարունակվեց մի քանի տարի:

    Հայաստանի խորհրդայնացման առաջին տարիներին եկեղեցիներում հիշատակվում էր Ապրիլ 24-ը, իսկ հետագայում` մինչև 1965թ. զարթոնքը, 1915 թվականը պաշտոնապես կամ հասարակական լայն շրջանակներում չէր նշվում: Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը որպես հարազատների ու մերձավորների հիշատակի օր հիշվում էր ընտանիքների ներսում միայն:

    Առաջինը երգիծաբան Երվանդ Օտյանն է Պոլսի «Ժամանակ» օրաթերթում առաջարկել 1915-ի անմեղ զոհերի համար հիշատակի հատուկ օր ընդունել և ոգեկոչել այդ օրը: Իսկ գրող, Վաղարշապատի դպրոցների տեսուչ Վրթանես Փափազյանը նամակով դիմել է Գևորգ Ե Ամենայն հայոց կաթողիկոսին` առաջարկելով ապրիլի 24-ը հայտարարել Նահատակների օր ի հիշատակ հայ մտավորականների, ովքեր 1915 թ. ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը ձերբակալվեցին Պոլսում և Հայդարփաշա կայարանից տարվեցին դեպի Այաշ, Չանղըրը և մյուս սպանդանոցներ:

    Մի քանի օր անց կաթողիկոսի դիվանը շրջաբերականով (ըստ այլ տեղեկությունների` նաև կաթողիկոսական կոնդակով) հրահանգել է Ապրիլ  24-ն ընդունել որպես Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օր և բոլոր եկեղեցիներում այդ օրը մատուցել հոգեհանգստյան պատարագ:

    Մինչև քեմալականների վերջնական հաղթանակը և Թուրքիայի Հանրապետության հիմնադրումը 1923-ին, հայությունը Ապրիլ 24-ը նշել է նաև Պոլսում: Այսպես, եթե Երևանում լույս տեսնող «Խորհրդային Հայաստան» պաշտոնաթերթի 1922 թվականի ապրիլյան համարներում անդրադարձ չկա Մեծ եղեռնին, ապա Պոլսի հայկական թերթերը բավական տեղ են հատկացրել:

    ՀՅԴ Պոլսի «Ճակատամարտ» օրաթերթը ընթերցողներին տեղեկացրեց, որ «համաձայն Հայրապետական կարգադրության, առաջիկա երկուշաբթի օրը` ապրիլ 24-ը, Ազգային տոն է հռչակվել ի հիշատակ մեր բյուրավոր նահատակների, նույն օրը Հայաստանի բոլոր եկեղեցիներում պիտի մատուցվի Պատարագ և կատարվի  հոգեհանգիստ»: «Ըստ այս Հայրապետական հրամանի, հանձնարարում ենք նույն օրը փակել թաղի բոլոր ազգային վարժարանները և եկեղեցիներում մատուցել Սուրբ Պատարագ և կատարել հոգեհանգստյան պաշտոն ի հիշատակ նահատակների»,- գրեց «Ճակատամարտը»:

    Ապրիլի 25-ի համարում «Ճակատամարտը» շարունակեց. «Երեկ կեսօրին անհամար բազմություն էր հավաքվել Շիշլիի ազգային գերեզմանատանը` հարգելու հիշատակը Ապրիլ 24 զոհերի: Դաշնակցության կողմից խոսեց Ամատունին, հնչակյանների կողմից` Սեդրակ Քառյանը: Հայ Արվեստի Տան անունից խոսեց Վահան Թեքեյանը: Նա ասաց, որ եկել ենք խոնարհվելու մեր մեծ մեռելների հիշատակին: Հայ երիտասարդության անունից խոսք ասաց Միսաք Մանուշյանը. «Ամբողջ ժողովրդի կեսը դարձել է հուղարկավորը մյուս կեսին: Մեռելներ, մեռելներ, մեռելներ` 7 տարի առաջ, 13 տարի առաջ, 27 տարի առաջ»:

    Հայոց ցեղասպանությունից փրկվածները, ովքեր ապաստան գտան Խորհրդային Հայաստանում, չէին կարող բարձրաձայնել իրենց պատուհասած ողբերգությունը, քանի որ Թուրքիայի և Խորհրդային Միության միջև հաստատվել էին բարեկամական հարաբերություններ: Հայության ընդհանուր ցավը և հավաքական հիշողությունները պարփակվել ու «կողպվել» էին առանձին ընտանիքների ներսում:

    Ապրիլ 24-ը Խորհրդային Հայաստանում սկսեց նշվել միայն 1965-ից: Երկու տարի անց Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցվեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի և վերապրածների հուշահամալիրը: Այդ կառույցի թույլատվությունը Մոսկվայից ստանալու հարցում կարևոր դեր կատարեց այն ժամանակվա Խորհրդային Հայաստանի առաջնորդ Յակով Զարոբյանը:

    Խորհրդային Հայաստանի մեկ այլ առաջնորդի՝ Կարեն Դեմիրճյանի ղեկավարման տարիներին,  մտցվեց Ապրիլ 24-յան «լռության րոպեն»:

    Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին Ծիծեռնակաբերդի բարձունքում կառուցվեց թանգարան, որը հետագայում անվանվեց թանգարան-ինստիտուտ: Թանգարանը բացվեց 1995-ի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցի օրը:

    Թաթուլ Հակոբյան

    Լուսանկարը՝ Սուրեն Մանվելյան

    Աղբյուրը՝ ԱՅՍՏԵՂ:


    Նման թեմաներ

    scroll to top