Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Clear
    17°
    Home » Լուրեր » Արա Բաբլոյանը պարգևատրել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների

    Արա Բաբլոյանը պարգևատրել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների

    Արա Բաբլոյանը պարգևատրել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների
    Հունվար 13, 2018 16:52 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայկական լրատվամիջոցների արհեստավարժությունը և անաչառությունը մեծ ազդեցություն ունեն մեզ շրջապատող իրականության օբյեկտիվ և ամբողջական ընկալման հարցում։ Խոհրդարանում հավատարմագրված լրատվամիջոցների ղեկավարների և լրագրողների տոնական ընդունելության ժամանակ այսօր այս մասին ասաց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ շնորհավորելով բոլոր ներկաների Ամանորը:
    «Ցանկանում եմ, որ 2018 թվականը լինի առողջության, խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի։ Ես միշտ էլ բարձր եմ գնահատել լրագրողների աշխատանքը՝ անկախ նրանից, թե ով ինչպիսի դիրքորոշում ունի այս կամ այն հարցի վերաբերյալ։ Մարդկանց միջև փոխադարձ հարգանքը չպետք է կախված լինի տեսակետների կամ քաղաքական հայացքների տարբերությունից։ Անկեղծորեն ասեմ՝ ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, որպես ԱԺ նախագահ՝ հաճելի է եղել ձեզ հետ աշխատել և նույնիսկ ուսանելի։ Բոլորիդ մաղթում եմ, որ ձեզ մշտապես ուղղորդեն ճշմարտությունը, սերը և լավատեսությունը»,-ասաց ԱԺ նախագահը։
    ԱԺ աշխատակազմի ղեկավար Արա Սաղաթելյանն իր հերթին ևս շնորհավորեց ԶԼՄ ներկայացուցիչներին՝ մաղթելով առողջություն, բարեկեցություն, բարձր տրամադրություն և մեծ լսարան։
    «Մեծ տպաքանակներից, նոր ունկնդիրներից և կայքերի մեծ հաճախելիությունից է կախված լրատվամիջոցների արդյունավետ գործունեությունը, ֆինանսատեխնիկական և նյութական վիճակը։ Ես կարծում եմ, որ խմբագրությունները բարեխղճորեն և արդար կվերաբաշխեն նյութական միջոցները, որոնք կառաջանան գովազդի ծավալների աճի կամ տպաքանակների, ունկնդիրների և կայքերի հաճախելիության աճի արդյունքում, ինչն ավելի բարենպաստ միջավայր կստեղծի ձեր բուն մասնագիտական գործունեություն  իրականացնելու համար։
    Աշխատակազմի անունից կարող եմ ասել, որ ունենք մի շարք ծրագրեր, որոնց իրականացմամբ կփորձենք ձեր աշխատանքի հետ կապված ավելի բարենպաստ միջավայր ստեղծել ԱԺ-ում։ Դա և տեխնիկական պայմաններն են, և ձեր ներգրավվածության հետ կապված պայմաններն են, և մեր միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ նախանշված մի քանի ծրագրեր, որոնց արդյունքում դուք հնարավորություն կունենաք թե համագործակցելու և ծանոթանալու այլ երկրներից՝ մասնավորապես Մեծ Բրիտանիայից և Գերմանիայից, ձեր գործընկերների հետ, թե հնարավորություն՝ նոր գիտելիքներ ստանալու այնտեղից հրավիրված մասնագետների միջոցով, ինչու ոչ որոշ դեպքերում այցելելով այդ երկրներ։
    Տարվա ընթացքում ես արդեն ասել էի, որ մեր պետության միջոցներով, ձեր հետ համատեղ քննարկումների ընթացքում նախանշել ենք որոշակի տեխնիկական պայմանների բարելավում։ Որևէ սահմանափակում չի լինելու։ Լինելու է տեխնիկական պայմանների բարելավում, նոր միջավայրերի ստեղծում և կրթական ծրագրեր։ Սա այն է, ինչ աշխատակազմը պլանավորում է անել խորհրդարանի նոր դերի և թափանցիկության առնչությամբ»,- ասաց Արա Սաղաթելյանը։
    Տոնական ընդունելության ընթացքում որոշ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ պարգևատրվեցին ԱԺ նախագահի շնորհակալագրերով և անվանական ժամացույցներով։

    Նման թեմաներ

    scroll to top