Գլխավոր Լուրեր Արագածոտնի մարզպետարանը հերքում է

Արագածոտնի մարզպետարանը հերքում է

2
0

Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հraparak.am կայքի 17.08.2019թ. «Արագածոտնի մարզպետի թանկարժեք գործուղումը» վերտառությամբ հրապարակման վերաբերյալ հերքում է տարածել։

«Համահայկական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցելու համար Արագածոտնի մարզից Արցախ են ուղևորվել Աշտարակ, Ապարան, Թալին, Արագածավան և Ծաղկահովիտ համայնքների բոլոր մարզիկները, համայնքների և մարզի պատվիրակությունները:

Մարզկենտրոն Աշտարակից Արցախ են մեկնել ոչ թե 7-8 ավտոբուս, այն էլ կիսադատարկ, այլ 1 ավտոբուս՝ Աշտարակ համայնքը ներկայացնող մասնակիցների, և 3 միկրոավտոբուսներ՝ Ապարան, Արագածավան և Ծաղկահովիտ համայնքների մասնակիցների:  Նշված տրանսպորտային միջոցները ուղևորվել են նստատեղերի ամբողջական հագեցվածությամբ, այնտեղ ազատ նստատեղեր չեն եղել (դրանցով տեղափոխվել են նաև մարզիկների համար նախատեսված մարզահագուստները, հեծանիվներ և այլ սպորտային պարագաներ): Թալին համայնքի այցը Արցախ, Համակայկական խաղերի համաշխարհային կոմիտեի որոշմամբ, կազմակերպվել է մարզի մյուս համայնքներից առանձին և այլ ժամանակացույցով:

Համահայկական խաղերի կազմակերպչական աշխատանքներն իրականացրել են մարզպետարանները՝ մարզպետների անմիջական համակարգմամբ, և առնվազն տարօրինակ կլիներ մարզպետի բացակայությունը մարզի պատվիրակության կազմում:

Արցախ այցելության համար Արագածոտնի մարզպետին լրացուցիչ ոչ մի լիտր վառելիք չի հատկացվել, և Արագածոտնի մարզպետը ստացել է օգոստոս ամսվա համար իրեն հասանելիք վառելիքը:

Մարզպետի այցը Արցախի Հանրապետություն կազմակերպվել է հնարավոր նվազագույն միջոցներով: Ասվածից հետևում է, որ գործուղումը բնավ «թանկարժեք» բնույթ չի կրել:
Մարզպետի գործուղման վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար աշխատանքային շաբաթվա վերջին՝ ուրբաթ օրվա ավարտից կարճ ժամանակ առաջ լրատվականը դիմել է մարզպետարան: Մարզպետարանը չի զլացել տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը, ավելին պատրաստակամություն է հայտնել հարցումը ստանալուն պես սահմանված ժամկետում պաշտոնապես պատասխանել դրան:

Հրապարակ լրատվականին և նյութը տարածած մյուս լրատվականներին հայտնում ենք, որ «մարզից ստացած» տեղեկատվությունը թյուր է, ստահոդ և իրականությանը չի համապատասխանում:

Լրատվամիջոցներին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ ապատեղեկատվությունը իբրև ճշմարիտ նյութ ներկայացնելուց և նախքան այն տպագրելը առաջարկում ենք սպասել մինչ Արագածոտնի մարզպետարանը կտրամադրի իրենց իսկ կողմից կատարված հարցման պատասխանը:

Հիշյալ բովանդակությամբ հրապարակումներ կատարած բոլոր լրատվամիջոցներից պահանջում ենք. «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով «Հերքում» խորագրի ներքո կատարել տեղեկատվության հերքում»,- ասված է մարզեպատարանի տարածած հերքման տեքստում։