Գլխավոր Լուրեր Առաջարկում ենք ԱԱԾ պետի և ոստիկանապետի նշանակման պահանջների փոփոխություն. Մարուքյան

Առաջարկում ենք ԱԱԾ պետի և ոստիկանապետի նշանակման պահանջների փոփոխություն. Մարուքյան

1
0

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել ֆբ-յան իր էջում: Մարուքյանը առաջարկում է ոստիկանության պետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները հանել համապատասխանաբար ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում:

«Քիչ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից շրջանառության մեջ է դրվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթը։

Գործող կարգավորմամբ՝ ԱԱԾ և ոստիկանության ղեկավարներին պետության ղեկավարը կաշկանդված է նշանակելու նույն համակարգում ծառայություն անցած անձանց շրջանակից, ինչը բացարձակապես անընդունելի կարգավորում է։ Մեր կողմից առաջարկվում է ոստիկանության պետի և ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնները հանել համապատասխանաբար ոստիկանության պաշտոնների և ազգային անվտանգության մարմինների ծառայողների պաշտոնների անվանացանկերից՝ ներառելով դրանք քաղաքական պաշտոնների անվանացանկում։

Եվ քանի որ այդ պաշտոններն իրենց փաստացի բնույթով համեմատական են նախարարի պաշտոնին, առաջարկվում է նրանց համար ևս կիրառել Սահմանադրության 148-րդ հոդվածի 1-ին մասի սահմանումը, որի համաձայն՝ կառավարության անդամը պետք է բավարարի պատգամավորին ներկայացվող պահանջները»,- գրել է Մարուքյանը: