Գլխավոր Լուրեր Առաջին դասարանցիների էլեկտրոնային գրանցումը չորրորդական հարց էր

Առաջին դասարանցիների էլեկտրոնային գրանցումը չորրորդական հարց էր

2
0

Մայիսի 15-ից ԿԳՆ ներդրել է առաջին դասարանցիների առցանց հայտագրման համակարգ, որն առաջին օրերին խափանումներ ունեցավ։ Որոշ ծնողներ նաև դեմ են համակարգին, քանի որ ժամերի ընթացքում իրենց նախընտրած դպրոցում տեղերն ավարտվել են։ Նոր համակարգի դրական և բացասական կողմերի, կրթական համակարգի խնդիրների շուրջ Araratnews.am-ը զրուցեց կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։

Խաչատրյանի կարծիքով՝ նոր համակարգն ունի և՛ լավ, և՛ վատ կողմեր, չնայած որ սրանով շատ հարցեր չեն լուծվում․ «Դրականն այն է, որ այս պարագայում դիմող աշակերտի ծնողների և ընդունող դպրոցի միջև որևէ ուղիղ կապ չի լինում, և հետևաբար տնօրենն այդ դեպքում չի կարող ասել, որ ես տեղ չունեմ, կամ ունեմ ծանոթ- բարեկամի սկզբունքով։ Մենք նաև հասկացանք, որ հիմնականում խոսքը գնում է մի 20 դպրոցի մասին, որովհետև հենց այդ դպրոցներում անմիջապես լրացվեցին տեղերը։ Բայց մենք պետք է տեսնենք, թե ինչ խնդիրներ առաջացան։ Օրինակ, եթե պարզվի՝ որևէ քաղաքացի փորձել է առաջին օրը գրանցել երեխային իր թաղամասի դպրոցում, բայց պարզվել է՝ տեղ չկա, ապա սա խնդիր է, որովհետև այս քաղաքացու համար պրոբլեմ է ստեղծվում»։

Հարցին՝ ինչպե՞ս պետք է լուծվի այդ հարցը, կրթության փորձագետը նշեց, որ սա շատ բարդ խնդիր է, և նախարարությունը պետք է որոշակի առաջնահերթություններ դնի իր առջև․ «Այդ մարդկանց պետք է առաջնահերթություն տանք։ Կան դեպքեր, երբ մի երեխան սովորում է տվյալ դպրոցում, բայց կրտսերը չի կարողացել ընդունվել նույն դպրոց, այս կատեգորիային էլ պետք է առաջնահերթություն տրվի»։

Դիտարկմանը՝ եթե ծնողները փորձում են իրենց երեխաներին կոնկրետ այդ 20-30 դպրոցն ընդունել, նշանակում է այդ դպրոցների կրթական մակարդակը բարձր է մյուսների համեմատ, կամ այլ գործոններ կան, ինչպե՞ս պետք է լուծվի այդ հարցը, Խաչատրյանը պատասխանեց․ «Ես չեմ գտնում, որ էլեկտրոնային գրանցումը Հայաստանի կրթական ոլորտի ամենակարևոր հարցն էր, սա չորրորդական-հինգերորդական հարց էր։ Շատ ավելի կարևոր էր կրթության հավասար մակարդակ ապահովելու հարցը։ Նախարարությունը պարտավոր է ապահովել լավ որակ բոլոր դպրոցներում, որովհետև քաղաքացին կարող է պետությունից որակ պահանջել․ եթե չես թողնում երեխայիս ուղարկել իմ ուզած դպրոցը, եթե մյուսը փլված դպրոց է, վատ որակի դպրոց է, այդ դեպքում ինձ որակ տուր։ Առաջ է գալիս հավասար հնարավորությունների և բոլոր դպրոցներում լավ կրթություն տալու հարցը»։

Իսկ արդյոք վճարովի դպրոցների ավելացումը կլուծի՞ այս հարցը․ «Այո, այս համակարգը կխթանի վճարովի դպրոցների գործունեությանը, որովեհտև եթե ծնողը չի գտել իր ուզած դպրոցը կամ չի ընդունվել երեխան տեղ չլինելու պատճառով, այստեղ կարող է աշխատել վճարովի դպրոցը։ Կարծում եմ վճարովի դպրոցների շարժը կմեծանա»,- եզրափակեց Խաչատրյանը։