Գլխավոր Լուրեր «Առավոտ». Քիչ է պաստառ կախել՝ «աղբի տեղը աղբամանն է»

«Առավոտ». Քիչ է պաստառ կախել՝ «աղբի տեղը աղբամանն է»

4
0

«Առավոտ» թերթը գրում է.

«Թե ինչով է ավարտվելու քաղաքապետարան-«Սանիթեք» դիմակայությունը, դժվար է ասել: Իմ տպավորությամբ՝ խնդիրն այնքան է սրվել, որ առանց դատարանի հարցը չի լուծվի: Մենաշնորհ ունեցողը ինքնակամ չի ցանկանա հրաժարվել իր երաշխավորված եկամուտից, որը ստանալու հա­մար առանձնապես ջանքեր չի գործադրում: Մենք էլ՝ քաղաքացիներս (և, հուսով եմ, նաև քաղաքապետարանը), չենք կարող հանդուրժել, որ Երևա­նում պարբերաբար աղբի սարեր գոյանան: Խն­դիրն, իմ կարծիքով, առաջացել է համակարգերի փոփոխության պատճառով, որի մասին արդեն առիթ էի ունեցել գրելու: Հին համակարգը հիմն­ված էր փողի «սև» շրջանառության վրա, և հնա­րավոր ճեղքվածքները փակվում էին ստվերային պայմանավորվածություններով: Հիմա ամեն ինչ պետք է բաց և թափանցիկ լինի, և դա, համենայնդեպս, որոշակի ժամանակահատվածում խն­դիրներ է առաջացնելու…

Բայց, ինչպես և այլ դեպքերում, այստեղ էլ կարևոր է քաղաքացիների գործոնը: Ինչպես հայտնի վեպում ասում էր պրոֆեսոր Պրեոբրաժենսկին, Կարլ Մարքսը ոչ մի տեղ չի գրել, որ պետք է մի­զել զուգարանակոնքից դուրս: Նման ձևով կարելի է արձանագրել, որ ոչ մի «Սանիթեք» կամ քաղա­քապետարանի աղբահավաք հիմնարկ չի ստի­պում, որ քաղաքացիներն իրենց աղբը շպրտեն որտեղ պատահի կամ, ավելի վատ՝ ավտոմեքենա­յի պատուհանից նետեն երթևեկելի մաս: «Սանի­թեքի» կամ քաղաքապետարանի աղբամաններն էլ շատ ավելի բարվոք վիճակում կլինեն, եթե մար­դիկ այնտեղ շինարարական աղբ չթափեն:

Ընդհանրապես քաղաքապետարանը, այս պահի «ճեղքվածքը» փակելուց հետո, պետք է աղբահա­նության հարցում համալիր ծրագիր սկսի, որի մասն են կազմելու ոչ միայն աղբամաններն ու աղ­բատար մեքենաները, այլև աղբավայրը, աղբի մշակումը, աղբի տեսակավորումը և… քաղաքացի­ների մշակույթը: Քիչ է պաստառ կախել՝ «աղբի տեղը աղբամանն է»: Մարդկանց պետք է դաստի­արակել, կրթել մանկապարտեզից, մանկամսուրից սկսած: Որպեսզի ժամանակի ընթացքում վերանա աղբը՝ բառիս ուղիղ և փոխաբերական իմաստնե­րով:

…Վարչապետը երեկ հրահանգել է ճանապար­հային ոստիկանությանը՝ խստորեն տուգանել ավ­տոմեքենաներից ծխախոտ շպրտողներին: Տեսնես մեկ տարվա մեջ քանի՞ հոգի է տուգանվելու»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: