Գլխավոր Լուրեր Արայիկ Հարությունյանի հորդորը աշակերտներին

Արայիկ Հարությունյանի հորդորը աշակերտներին

3
0

Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ մեծ գրողին հանրահռչակելու նպատակով լայնածավալ ծրագրեր կիրականացվեն Երևանում, նրա ծննդավայր Դսեղում, Հայաստանի տարբեր մարզերում, Վրաստանում և այլ երկրներում:  Նախատեսվում են համերգային ելույթներ, ներկայացումների բեմականացումներ, գրքերի հրատարակություններ և այլ նախաձեռնություններ:

Թումանյանի ծննդյան օրը` փետրվարի 19-ին և ամբողջ տարվա ընթացքում սպասվող տոնական միջոցառումների մասին փետրվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ծրագրերի նախաձեռնողները:

«Մենք պարտավոր ենք  Հովհաննես Թումանյանի 150-ամյակն անցկացնել պատշաճ մակարդակով`ներգրավելով մեր հասարակության բոլոր շերտերին, որովհետև Թումանյանը գրել, ստեղծագործել, արարել, ապրել է ու ապրում է բոլորի համար: Պետությունը մեծ կարևորություն է տալիս հոբելյանական տարուն, և ստեղծվել է կառավարական հանձնաժողով, որը մի շարք ծրագրեր կիրականացնի»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ` նշեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

Նրա խոսքով`Թումանյանի թանգարանը հետաքրքիր ծրագրերով հանդես կգա, Դսեղում` Թումանյանի տուն-թանգարանում, լինելու են մեծ միջոցառումներ և համերգ: Երկրի ղեկավարությունը նույնպես ներկա է լինելու Դսեղում: «Նախատեսվում են միջոցառումներ Թիֆլիսում, և ես այնտեղ ներկայացնելու եմ Հայաստանի պատվիրակությունը: Հորդորում եմ դպրոցի տնօրեններին, ուսուցիչներին, ծնողական խորհուրդներին, որ աշակերտներին այս տոնին մասնակցելու հնարավորություն ընձեռեն: Մեծ տոն է լինելու. ամբողջ քաղաքը դրոշներով է զարդարված, ամենուր Թումանյանն է: Կարծում եմ` վաղը` Գիրք նվիրելու օրը, մարդիկ միմյանց Թումանյանի գրքերը կնվիրեն»,-ընդգծեց նախարարը:

Հովհ. Թումանյանի թանգարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անի Եղիազարյանն ասաց, որ վաղը թանգարանի մատույցներում կհնչեն շեփորի ձայներ և կազդարարեն մուտքը Թումանյանի 150-ամյակ: «Ամբողջ օրվա ընթացքում թանգարանի և’ ներսում, և’ դրսում  հրաշք տոնական տրամադրություն կտիրի: Թանգարանի ներսում կլինի հեքիաթային աշխարհ, իսկ դրսում` համերգային  ծրագիր. ելույթ կունենա «Կաթիլ» խումբը: Թանգարանի երկու հարկը դառնալու է Թումանյանի աշխարհ կենդանի էքսպոզիցիայի տեսքով: Հայաստանի թանգարանների կյանքում առաջին փորձն է կենդանացնելու էքսպոզիցիան: Նախատեսվում է գեղեցիկ թանգարանային միջավայրին հարմարեցված ներկայացնել «Անուշ»-ը: Այդ օրը «Անուշը» հրավիրատոմսերով է, բայց մենք ռեժիսորի հետ ունենք նախնական  պայմանավորվածություն այն  մասին, որ ներկայացումը պարբերաբար լինի թանգարանում»,-ներկայացրեց Եղիազարյանը:

Թանգարանի նախկին տնօրեն, այժմ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Նարինե Խաչատուրյանը հավելեց, որ օրը կավարտվի հրավառությամբ, «Ալմաստ» օպերայից փոքրիկ հատվածի երաժշտության ներքո: «Շատ գեղեցիկ պատկեր կունենանք և այդպիսով կեզրափակենք փետրվարի 19-ը: Թումանյանն արդեն ծնված կլինի և դրանով կազդարարենք մեր հաջորդ ծրագրերի մեկնարկը: Պիտի ասեմ, որ գոնե Թումանյանի Երևանի թանգարանում ամեն ամիս ունենք և’ հանդիսություն, և’ օլիմպիադա, և’ գիտական իրադարձություններ»,-նշեց նա:

ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանը շեշտեց,  որ  մեծ հպարտությամբ ու սիրով,  ակնածանքով են ազդարարում հայոց մշակույթի մեծաց մեծի, ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների մասին:

Ղարիբյանը նշեց, որ Թումանյանը համամարդկային արժեք ներկայացնող բանաստեղծ է, պայծառ, պարզ, վճիտ և խորը կերպար է:

«Ունենք միջոցառումներ, որոնք արդեն իսկ մեր ենթակայության տակ եղած ՊՈԱԿ-ներն իրենց տարեկան ծրագրերում ընդգրկել են և կիրականացնեն: Կլինեն նախարարության կողմից նախաձեռնած դրամաշնորհային մրցույթին մասնակցած ծրագրեր: Շատ հետաքրքիր ծրագրեր կան նաև Հայաստան-արտասահման համագործակցության արդյունքում: Մենք ունենք ընդհանուր պատկերացում, բայց թե որ միջոցառումները կհաղթեն, առայժմ չենք կարող ասել»,-եզրափակեց Նազենի Ղարիբյանը: