Գլխավոր Լուրեր Արցախի անվտանգությամբ «մտահոգված» դաշնակցականների և ադրբեջանական քարոզչությունները համընկնում են

Արցախի անվտանգությամբ «մտահոգված» դաշնակցականների և ադրբեջանական քարոզչությունները համընկնում են

2
0

Ադրբեջանական «Minval.az» էլեկտրոնային լրատվամիջոցը մայիսի 20-ին խմբագրական էր հրապարակել, որտեղ, հասկանալի է, մաքուր ադրբեջանական դիրքերից վերլուծել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանի Արդարադատության համակարգի առողջացման վերաբերյալ ծրագրային ելույթը: Հոդվածի ավարտին վերլուծաբանը ներկայացրել էր տեսակետ, համաձայն որի Հայաստանում անկայուն քաղաքական իրավիճակ է, դրա հետևանքով հնարավոր են շփման գծում ռազմական սրացումներ, ուստի Ադրբեջանը պետք է նախահարձակ լինի և իրադրությունն իր օգտին փոխի:

Ի դեպ, ամբողջ հոդվածում շեշտվում էր այն միտքը, որ ուժերի հարաբերակցությունը Ադրբեջանի կողմում է, իսկ Հայաստանի ներքաղաքական կյանքում քաոս, քանի որ կալանքից դուրս եկած Քոչարյանը «կարող է վարչապետի հարցերը լուծել ամենաուղղակի իմաստով»: Թերևս կարիք չկա այստեղ ներկայացնել ադրբեջանցի վերլուծաբանի հոդվածի բովանդակությունը, մանավանդ որ հայաստանյան մի շարք լրատվամիջոցներ մեծ պատրաստակամությամբ լծված են այդ քարոզչությունը երկրում տարածելով/Հոդվածը արտատպել է նաև Zham.am լրատվամիջոցը/: Այս պրակտիկան, ի դեպ նոր չէ, մշտապես էլ հայկական տարբեր «սունկ կայքեր» դիտումներ ապահովելու համար դիմել են ադրբեջանական կայքերի «օգնությանը»՝  որտեղ Հայաստանի վերաբերյալ «սենսացիաների»  պակաս չկա:

Սակայն այս դեպքում խնդիրը փոքր ինչ ավելի նուրբ է: Ադրբեջանցի վերլուծաբանի հոդվածի մի հատվածը հրապարակել է ՀՅԴ-ին պատկանող  «Yerkir.am» կայքը, որը պայմանականորեն կարող ենք անվանել կուսակցության տպագիր օրգան: Փաստորեն ՀՅԴ կայքը այն աստիճանի համաձայնություն ունի  ադրբեջանական քարոզչական թեզերի  հետ, որ մի կողմ դնելով իր, այսպես ասած ազգային, հայրենասիրական ու ավանդական էությունը՝ զբաղվում է ադրբեջանական պրոպագանդայի տարածմամբ: Ընդ որում, հետաքրքիրն այն է, որ դաշնակցական լրատվամիջոցը ներկայացրել է հոդվածի այն հատվածը, որն ըստ հոդվածի բնաբանի, վերաբերում է Արցախին: Մենք չենք զբաղվի նման անշնորհակալ գործով և չենք ներկայացնի այդ հատվածը, թերևս միայն շեշտենք, որ հատվածը բացահայտ կերպով պարտվողականության ու ռազմական էսկալացիա է քարոզում:

Սակայն խնդիրն այստեղ անգամ դա չէ, ակնհայտ է, որ վերջին օրերին երկրի քաղաքական կյանքում իրավիճակն առավել քան շիկացած է, մի շարք փորձագետների և քաղաքական գործիչների կարծիքով Քոչարյանին կալանքից ազատելու և գործն, ընդհանրապես, Սահմանադրական դատարան ուղարկելու որոշումը որևէ կապ չունի արդարադատության հետ և ընդամենը ներքաղաքական դավադրության մի դրվագ  է:  Այս տեսակետն իրապես էլ կյանքի իրավունք ունի, քանի որ դիտարկելով օրերս հայաստանյան քաղաքական կյանքում տեղի ունեցող փոխատեղումները, կոչերն ու հայտարարությունները, ակնհայտ կերպով տեսնում ենք մի շարք շրջանակների համակարգված գործողությունների՝ ընդ որում նշված շրջանակների մեջ առանցքային դերակատարություն է ստանձնել ՀՅԴ-ն: Եթե ելնում ենք այս տեսակետից, ապա կարող ենք արձանագրել, որ մշտապես ազգայինի դիրքերից հանդես եկող, 130-ամյա քաղաքական ուժը, ներքաղաքական ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար  պատրաստ է անգամ դիմել ադրբեջանական միջին կարգի վերլուծաբանների հոդվածների օգնությանը: Այստեղ թերևս ավարտվում է ամեն քաղաքական ու ազգային և առաջ են գալիս պետական մտածողությունն ու բարոյականությունը: