Գլխավոր Բլոգ Արցախի ՄԻՊ-ը՝ տարածված կեղծ տեղեկատվության մասին

Արցախի ՄԻՊ-ը՝ տարածված կեղծ տեղեկատվության մասին

5
0

Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է.

Քիչ առաջ մի անհայտ ֆեյսբուքյան էջ կեղծ լուր է հրապարակել, իբր թե «Արցախում դաժան ծեծի են ենթարկել ՝ Ֆրանսիահայ , ամանորը Արցախում անցկացնելու նպատակով Հայաստան ժամանած՝ համասեռամոլ Ջեյմ Մարկոսյանին»: Լուրը որոշ լրատվամիջոցներ սկսել են տարածել՝ առանց ստուգելու դրա ճշմարտացիությունը:
1. Նյութում լուրի որևէ աղբյուր նշված չէ: Ավելին, ստուգել եմ նյութում առկա լուսանկարների աղբյուրը, պարզվում է, որ տվյալ էջը միտումնավոր է կեղծել լուրը՝ օգտագործելով համացանցում առկա այլ լուսանկարներ: Մասնավորապես, այդ լուսանկարները գտել եմ “Pinknews” բրիտանական կայքի՝ 2016թ. ապրիլի 14-ի մի նյութում (հղումն ու էկրանակադրը կցում եմ):
2. Տեղեկացնեմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ նման միջադեպով և անուն ազգանունով ոչ ոք չի դիմել:
3. Ոստիկանություն հարցում արեցի, և ինձ հայտնեցին, որ վերջին օրերին ոչ մի նման միջադեպ չի արձանագրվել սփյուռքահայի հետ, իսկ այդպիսի անուն ազգանունով մարդ էլ որևէ հաղորդում չի տվել իրեն ծեծելու մասին:
4. Հարցում արեցի նաև առողջապահության նախարարություն, որտեղից էլ հայտնեցին, որ հիվանդանոցներ նման միջադեպով և նման անուն ազգանունով մարդ չի դիմել:
5. Արտգործ նախարարություն էլ հարցում արեցի, և ինձ հայտնեցին, որ վերջին օրերին իրենց նման անուն ազգանունով օտարերկրյա քաղաքացի չի դիմել վիզա ստանալու նպատակով:
6. Հետևաբար, հաշվի առնելով վերոնշյալ բոլոր հանգամանքներն ու ապացույցները՝ կարող ենք եզրակացնել, որ լուրը կեղծ է, իսկ թե ինչու է այդ էջը նման կեղծ լուր հրապարակում և շահարկում արցախցիների հավաքական անունը, կարող ենք միայն ենթադրել:
7. Ուստի, խնդրում ու պահանջում եմ բոլոր լրատվամիջոցներից ու օգտատերերից, որ չտարածեն այդ կեղծ գրառումը՝ որպես իրականություն:
Հ.Գ. Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ և ձեզ մեծ ավետիս: Թող բոլորդ զերծ լինեք բռնություններից, կեղծիքներից ու մարդու իրավունքների խախտումներից

 

Նույն լուրին անդրադառնալով, Բեգլարյանը ևս մեկ գրառում է կատարել

«Մավրն արեց իր գործը, մավրը կարող է հեռանալ»…
«Սփյուռքահայ համասեռամոլին Արցախում ծեծելու» մասին կեղծ լուր տեղադրած ֆբ էջերից մեկը հեռացրեց իր գրառումը՝ իմ կողմից հերքում տալուց հետո: Կարծես թե, առաջնային աղբյուր հանդիսացող էջը չի հեռացրել այն, թեև ինձ մոտ չի բացում էջը:
Որոշ կայքեր էլ հեռացրեցին, որոշները թողել են կեղծ լուրը և ավելացրել իմ հերքումը:
Սակայն, կարծում եմ, պրոֆեսիոնալ ու բարոյական կլիներ, որ տվյալ կեղծ լուրը տեղադրած բոլոր կայքերը այն հեռացնեին իրենց կայքերից ու սոցցանցերի էջերից: Նույնն էլ վերաբերում է ֆեյսբուքյան այլ էջերին, խմբերին ու օգտահաշիվներին:
Տպավորություն ունեմ, որ ոմանք Արցախի շուրջ բացասական ընկալումներ են ձևավորում նպատակային կերպով, և դա արվում է կեղծ էջերի միջոցով: Այնպես որ արժե զգույշ լինել և չհավատալ չստուգված տեղեկություններին: