Երկուշաբթի , 23 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    21°
    Home » Արցախ » Արցախի ՊՆ–ն ամփոփել է 2017-ի ընթացքում շփման գծում տիրող իրադրությունը

    Արցախի ՊՆ–ն ամփոփել է 2017-ի ընթացքում շփման գծում տիրող իրադրությունը

    Արցախի ՊՆ–ն ամփոփել է 2017-ի ընթացքում շփման գծում տիրող իրադրությունը
    Դեկտեմբեր 30, 2017 16:13 Արցախ, Լուրեր A+ / A-

    2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Անցնող տարվա առաջին կիսամյակն աչքի է ընկել իր լարվածությամբ, հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակների տրամաչափերի մեծությամբ ու հետախուզադիվերսիոն փորձերի ձեռնարկմամբ: Այստեղ հատկապես հիշատակման արժանի է փետրվարի 25-ի ժամը 03:00-04:00-ի սահմաններում շփման գծի միանգամից երկու՝ հարավարևելյան (Մարտունի) և արևելյան (Ակնա) ուղղություններով ադրբեջանական զինուժի ձեռնարկած հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձերը, որոնց ժամանակ հակառակորդը, կիրառելով <<ՏՐՈՊԱ>> տիպի ականազերծման հատուկ տեխնիկա, նռնականետեր ու խոշոր տրամաչափի այլ զինատեսակներ, անցել է հարձակման:

    ՊԲ առաջապահ ստորաբաժանումները նաև շնորհիվ 2016թ. ապրիլյան ռազմագործողություններից հետո առաջնագծի ողջ երկայնքով տեղադրված տեսադիտարկման սարքավորումների, երկու ուղղություններում էլ ժամանակին հավաստանշել են ադրբեջանական դիվերսիոն խմբերի առաջխաղացումը և հետ շպրտել վերջիններիս ելման դիրքեր: Հայ դիրքապահների գրագետ ու կազմակերպված գործողությունների արդյունքումª նահանջող հակառակորդը չեզոք գոտում թողել է 5 դիակ, որից հետո պաշտոնական Բաքուն հարկադրված դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին և Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը՝ խնդրելով միջնորդել իր դիակների՝ չեզոք գոտուց տարհանելու աշխատանքները կազմակերպելու համար:

    2017թ. երկրորդ կիսամյակում, բացառությամբ հուլիս ամսվա և հոկտեմբերի 23-ի ու 24-ի, երբ ադրբեջանական զինուժը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածներում  կիրառել է Դ-30 հաուբից և Դ-44  հրանոթներ, ՏՌ-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ, տարբեր տրամաչափի ականանետեր ու նռնականետեր և <<ՍՊԱՅԿ>> տիպի կառավարվող հակատանկային հրթիռներ, իրադրությունն առաջնագծում եղել է հարաբերական հանգիստ, իսկ հրադադարի ռեժիմը հակառակորդի կողմից խախտվել է հիմնականում հրաձգային զինատեսակներից:

    Ընդհանուր առմամբ, ըստ ՊԲ օպերատիվ տվյալների ամփոփագրի, 2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 14.000 անգամ, որի ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 180.000 կրակոց: Բացի հրաձգային զինատեսակներից, ադրբեջանական զինուժը կիրառել է նաև <<ՍՊԱՅԿ>> տիպի հակատանկային հրթիռներ (5 արկ), 122 միլիմետրանոց Դ-30 հաուբից և 85 միլիմետրանոց Դ-44 հրանոթներ (262 արկ), ՏՌ-107 տիպի հրթիռահրետանային կայանքներ (17 արկ), 60, 82 և 120 միլիմետրանոց ականանետեր (1042 արկ) ու տարբեր տիպի նռնականետեր (571 արկ):

    2017թ. ընթացքում ՊԲ առաջապահ զորամասերը վստահորեն իրականացրել են իրադրության վերահսկողությունը սահմանի ողջ երկայնքով, պատվով կատարել իրենց առջև դրված գլխավոր մարտական խնդիրը, այն է՝ ապահովել Արցախի Հանրապետության սահմանների անձեռնմխելիությունն ու բնակչության խաղաղ կենսագործունեությունը:

    Նման թեմաներ

    scroll to top