Հինգշաբթի , 22 Փետրվար 2018

    outputra5huxgif
    Cloudy
    Home » Արցախ » Արցախյան շարժման 30-ամյա ճանապարհը. կարծիքներ

    Արցախյան շարժման 30-ամյա ճանապարհը. կարծիքներ

    Արցախյան շարժման 30-ամյա ճանապարհը. կարծիքներ
    Փետրվար 13, 2018 17:40 Արցախ, Լուրեր A+ / A-

    Այսօր՝ փետրվարի 13-ին, Արցախյան շարժման 30-ամյակին նվիրված՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպված տոնական միջոցառման ժամանակ մեզ հետ իրենց կարծիքներով կիսվել են մերօրյա քաղաքական, մշակութային և ռազմական ոլորտների ականավոր գործիչներ:

    «Արցախպրես»-ի  թղթակցի հետ զրույցում ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանն ասել է, որ այսօրվա հանրահավաքը նոր ոգի պիտի հաղորդի և հանրագումարի պիտի բերի անցած 30 տարիների ձեռքբերումները:

    «Մեր ամենամեծ ձեռքբերումը մեր հայոց պետականությունն է, որ այսօր գոյություն ունի ի դեմս Արցախի և Հայաստանի հանրապետությունների: Այն ամենը, ինչ մեր հայությունը դարեր շարունակ երազել է, այսօր իրականություն է դարձել, և այն սերունդը, որ այդ ամենն իրականացրել է, այսօր այստեղ է: Սա մեր միասնությունն է: Ամենամեծ հետևությունն էլ այն է, որ հայությունը հասկացել է, որ պետք է հենվի միայն իր ուժերի վրա և պայքարի իր պետականության և երկրի անկախության պահպանման գործում: Իսկ մեր գերնպատակն ավելի հզոր, ազատ, անկախ Արցախ ունենալն է»,-նշել է Վ. Բալայանը:

    Ապրիլյան պատերազմի մասնակից «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Մարատ Պետրոսյանն էլ իր ելույթում ըստ էության ասել է. «Այսօր մենք հպարտ ենք, որ, հանդիսանալով հայրենիքի զինվորներ, զենքով պաշտպանում ենք ձեռք բերված անկախությունն ու մեր ժողովրդի անվտանգությունը: Ղարաբաղյան շարժման 1988-ի ոգին փոխանցվել է մեզ՝ այսօրվա երիտասարդներիս, զինվորականներիս: Այդ ոգին է, որ այսօր անառիկ է պահում մեր սահմանները, պատասխանում թշնամու ամեն մի ոտնձգության: Այսօր մենք պետք է համախմբվենք ու շարունակենք 30 տարի առաջ սկսված ու շարունակվող մեր ազգային նպատակները՝ խրախուսելով ու զարգացնելով լավը, և, դրան զուգահեռ, մեզնից վանել վատը»:

    Միջոցառմանը ներկա Արցախյան պատերազմի մասնակից, «Կարին» ավանդական երգի-պարի խմբի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանն էլ մեզ հետ զրույցում ասել է. «Այսօրվա սերունդն ավելի տոկուն և հաստատակամ է իր երկրի անկախության ձգտման և հզոր պետություն կերտելու գործում: 30 տարի առաջ դրվել է մեր երկրի անկախության նախահիմքը, և այսօր դարձել ենք հզոր պետական կառույց: Մեր երիտասարդությունը պետք է նոր ոգի տա և նոր մարտահրավերներին դիմակայող նոր կառույց պետք է լինի: Մենք իրավունք չունենք պարտվելու այն խաղում, որ 30 տարի առաջ սկսել են մեր մեծերը և վստահ պետք է այն իր տրամաբանական ու հաղթական ավարտին հասցնենք»:

     

    Նման թեմաներ

    scroll to top