Գլխավոր Լուրեր Արդյոք ՀՀԿ-ն կմիանա՞ «հզոր ընդդիմադիր ուժերին»

Արդյոք ՀՀԿ-ն կմիանա՞ «հզոր ընդդիմադիր ուժերին»

2
0

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Reuters  գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է նոր իշխանութունների դեմ պայքար սկսել՝ միավորվելով «հզոր ընդդիմադիր ուժերի հետ»։

Araratnews.am-ը փորձեց կապ հաստատել Հանրապետական կուսակցության անդամների հետ՝ պարզելու, թե այդ ընդդիմադիր ուժերի շարքում կա՞ արդյոք Հանրապետականը, քանի որ վերջինս իրեն ընդդիմադիր է հայտարարել։

Մեր փորձերն ապարդյունք անցան, քանի որ կուսակցության ո՛չ գործադիր մարմնի ներկայացուցիչները, ո՛չ շարքային կուսակցականները չցանկացան պատասխանել մեր հարցերին։

Մասնավորապես, Արմեն Աշոտյանը նշեց, որ կուսակցությունն այսօր նիստ ունի, և նիստից հետո ինքը կպատասխանի հարցերին։

Գործադիր մարմնի անդամներ Մուշեղ Լալայանը և Սամվել Նիկոյանը ևս մերժեցին պատասխանել հարցին։

Նախկին պատգամավոր, ինչպես ինքն է նշում՝ շարքային կուսակցական Մարգարիտ Եսայանն էլ խնդրեց հարցն ուղղել Ռոբերտ Քոչարյանին։ Դիտարկմանը՝ արդյոք ՀՀԿ-ն մտադի՞ր է միանալ նոր իշխանությունների դեմ Քոչարյանի պայքարին, նա նշեց․ «Չունեմ այդ հարցի պատասխանը, ես ՀՀԿ-ում ղեկավար կազմի մեջ չեմ, շարքային կուսակցական եմ»։

ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը նշեց, որ հարցազրույցին ամբողջությամբ ծանոթ չէ և չի կարող կուսակցության անունից որևէ հայտարարություն անել։

Հ․Գ․ Ստացվում է, որ հանրապետականներն անցել են ընդհատակ և միահամուռ խուսափում են որևէ պատասխան տալուց։ Բացառված չէ, որ կուսակցությունը լռում է՝ ինտրիգը մեծացնելու համար։