Կիրակի , 21 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    13°
    Home » Լուրեր » Արմեն Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում

    Արմեն Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում

    Արմեն Սարգսյանը շնորհավորանքներ է ստանում
    Մարտ 13, 2018 21:30 Լուրեր A+ / A-

    ՀՀ Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի Հանրապետության նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին:

    Ուղերձում մասնավորապես ասված է.

    «Ցանկանում եմ սրտանց շնորհավորել  Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել Ձեր գործունեության մեջ:

    Ուրախ եմ, որ վերջին ժամանակահատվածում  Վրաստանի և Հայաստանի Հանրապետությունների միջև երկկողմ հարաբերությունները զգալիորեն զարգացել են,  և  դրականորեն նպաստել են մեր ժողովուրդների բարեկամական շփումների ամրապնդմանը: Ես հավատում եմ, որ մեր երկրների միջև դարերի շարունակ ձեւավորված բարեկամական հարաբերությունները ապագայում ևս  ավելի կզարգանան՝ ի բարօրություն մեր ժողովուրդների»:

    * * *

    Նախագահ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել  նաեւ Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանը:

    Ուղերձում մասնավորապես ասված է.

    «Հայաստանը Չեխիայի Հանրապետության համար ավանդական կարևոր գործընկեր է և դաշնակից։ Նախարարությունների և խորհրդարանների ներկայացուցիչների բազմաթիվ հանդիպումների, տնտեսական համագործակցության հարցերով չեխ-հայկական միջկառավարական հանձնաժողովի պարբերական նիստերի, բարձրագույն մակարդակով փոխայցելությունների շնորհիվ՝ վերջին ամիսներին և տարիներին արձանագրել ենք երկկողմ երկխոսության հզորացում։ Ինքս երախտագիտությամբ հիշում եմ իմ վերջին պետական այցը Հայաստան 2016 թվականի հունիսին։

    Հայաստանը  կարևոր գործընկեր է նաեւ  բազմակողմ հարթակներում։ Նոր համաձայնագրի շնորհիվ կարող ենք ավելի ընդլայնել գործակցությունը Հայաստանի և ԵՄ միջև։ Հեռանկարներ կան նաև Արևելյան գործընկերության (որի նախաձեռնողներից մեկն է ՉՀն) շրջանակներում գործակցության առումով։ Մենք այն ընկալում ենք որպես խոստումնալից և չափազանց օգտակար ձևաչափ մեր հարևանության ամենամտերիմ գործընկերների հետ հարաբերությունների զարգացման համար»։

    * * *

    Արմեն Սարգսյանին շնորհավորել են նաեւ  ՄԱԿ-ի փախստականների հարցերով Գերագույն հանձնակատար Ֆիլիպպո Գրանդին, տարբեր երկրների քաղաքական գործիչներ, գործարարներ, գիտական, կրթական հաստատությունների ղեկավարներ, հայոց թեմերի առաջնորդներ:

    Նման թեմաներ

    scroll to top