Գլխավոր Լուրեր Արմեն Սարգսյանն այցելել է Մյունխենի տեխնիկական համալսարան

Արմեն Սարգսյանն այցելել է Մյունխենի տեխնիկական համալսարան

4
0

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Մյունխենի տեխնիկական համալսարան։

Ինչպես տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման սկզբում համալսարանի նախագահ Վոլֆգանգ Հերմանը, ողջունելով Արմեն Սարգսյանի այցը ուսումնական հաստատություն, նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի նախագահին, ով նաև գիտնական է: Նա ներկայացրել է համալսարանի գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես` բնական գիտությունների ու բժշկության ոլորտներում:

Նշելով, որ գիտության ոլորտում մեր ունեցած ավանդույթները ոչ միայն պետք է պահպանել, այլև զարգացնել և հասցնել նոր մակարդակի, նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Ես ցանկանում եմ զարգացնել համագործակցությունը հայկական և գերմանական համալսարանների, երկու երկրների գիտնականների միջև»:

Նա ընդգծել է, որ Հայաստանը հիմնվում է ոչ թե բնական պաշարների, այլ մարդկային ռեսուրսների վրա: «Մեր հիմնական լոկոմոտիվը լինելու են նոր տեխնոլոգիաները, նորարարությունները, ստարտափները: Ես այստեղ եմ նոր գործընկերություն սկսելու համար և աջակցելու եմ բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են զարգացնելու Հայաստանի գիտական և տեխնոլոգիական ներուժը»,— ասել է նախագահ Արմեն Սարգսյանը` հրավիրելով ներկաներին այցելել Հայաստան:

Վոլֆգանգ Հերմանը, բարձր գնահատելով Հայաստանում գիտության զարգացմանն ուղղված նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերը, նշել է, որ պատրաստ են համագործակցության` հատկապես ընդգծելով, որ Մյունխենի տեխնիկական համալսարանն իրականացնում է միջազգային փոխանակման բարձրակարգ ծրագրեր: