Հինգշաբթի , 15 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    Home » editorial » Արսեն Թորոսյանը պատերազմ է հայտարարել համակարգում առկա կոռուպցիային

    Արսեն Թորոսյանը պատերազմ է հայտարարել համակարգում առկա կոռուպցիային

    Արսեն Թորոսյանը պատերազմ է հայտարարել համակարգում առկա կոռուպցիային
    Նոյեմբեր 1, 2018 16:22 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Վերջին օրերին լայնածավալ մեդիաարշավ է սկսվել ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ: Հայաստանում գործող մեդիա ինդուստրիայի մեծ մասը թիրախավորել է նախարարին՝ հաճախ անցնելով չափ ու սահմանը: Պարզենք՝ ինչո՛ւ է այդպես:

    Արսեն Թորոսյանը, ստանձնելով նախարարի պաշտոնը, առաջին իսկ օրից ձեռնամուխ է եղել առողջապահության համակարգում գործող կոռուպցիոն մեխանիզմները քանդելուն: Իսկ սա նշանակում է, որ Արսեն Թորոսյանը, ունենալով երկրի ղեկավարության քաղաքական քարտ բլանշը, պատերազմ է հայտարարել համակարգում առկա բոլոր թերություններին: Ի դեպ, առողջապահության նախարարի նման բարեփոխումներ իրականացնելու քարտ բլանշ ունեն մնացած բոլոր գերատեսչությունների ղեկավարները, սակայն գործուն քայլեր նկատվում են միայն այս համակարգում:

    Առողջապահության համակարգում տարիներ շարունակ գործած կոռուպցիոն մեխանիզմները քանդվում են, իսկ դա նշանակում է, որ այս ոլորտով զբաղվող հազարավոր մարդիկ զրկվում են խոշոր եկամուտներ ստանալու հնարավորությունից:

    Ամբողջ համակարգում աշխատում են 40 հազարից ավելի մասնագետներ: Կոռուպցիան այս համակարգում բաշխված է եղել սանդղակաձեւ. քույրերին ու սանիտարներին տրվող «լեվի» գումարներ, բուժող բժշկին՝ մաղարիչ (բացի պետական պարտադիր մուծումից)։ Իսկ պետպատվերի մասին խոսք չկա, քանի որ պետպատվերի քանակը խիստ սահմանափակ էր եւ, տարին չկիսված, արդեն սպառվում էր։ Աղքատ Հայաստանում, որքան էլ մարդ հիվանդ էր լինում, չէր գնում բուժվելու՝ իր աչքի առաջ ունենալով այս վայրագ ու անմարդկային համակարգը: Համակարգում տիրող անմխիթար իրավիճակի հետևանքով է, որ Հայաստան են ներկրվում անորակ, ժամկետանց դեղեր, ինչն ուղղակի աններելի է:

    Առողջապահության ոլորտը շատ նախարարներ է ունեցել, մեկը մյուսից լավ ճառեր են ասել, մեկը մյուսից լավ տեսլականներ են ունեցել, բայց եկել են ու ավելի զարգացրել այս համակարգի հանցագործ սխեման:

    Հիմա, երբ նորանշանակ նախարարը ստանձնել է համակարգի կեղտի մաքրման գործընթացը, բոլորը նրա դեմ են դուրս եկել: Մեդիան հաճախ անցնում է չափ ու սահմանը, նախ Թորոսյանին անվանելով հոգեկան հիվանդ, թե իբր բանակից ազատվել է  շեղումներ ունենալու պատճառով, և  նախարարը ստիպված բացում է փակագծերը, ասելով, որ երիկամների հիվանդություն ունի, դեղ է խմում:

    Ապա սկսեցին կառչել այդ հայտարարությունից, ասելով, որ նման հիվանդություն ունեցող մարդը չպետք է  զբաղեցնի նախարարի պաշտոնը: Մինչդեռ, նման հիվանդություն ունենալը երբեք չի կարող խոչընդոտ լինել աշխատելուն կամ պաշտոն զբաղեցնելուն: Ավելին, նա հաստատ լավ կհասկանա հիվանդների  հոգեբանությունը և  հստակ կպատկերացնի համակարգում տիրող իրավիճակը:

    Թորոսյանի աշխատանքի արդյունքները կերևան առաջիկա մեկ-երկու տարիներին:

    Որքան առողջապահության նախարարը շարունակի բարեփոխումները, այնքան թիրախավորվելու է. հեշտ չի լինելու, քանի որ այդ «մաքրության արշավի» հետեւանքով շատերը զրկվում են միլիոնավոր դոլարներից, փոխարենը կունենանք բարելավված առողջապահության համակարգ: Արսեն Թորոսյանը նախարար է, որն իրեն վստահված ոլորտում իրականացնում է այն հեղափոխությունը, հանուն որի ժողովուրդը պայքար է մղել:

    Հարություն Մկրտչյան


    Երևան Տոնավաճառ

    scroll to top