Գլխավոր Լուրեր Արթուր Վանեցյանի նախագահությամբ կայացել է ՀՖՖ գործկոմի նիստ

Արթուր Վանեցյանի նախագահությամբ կայացել է ՀՖՖ գործկոմի նիստ

3
0

Մայիսի 25-ին՝ Արմավիրում, կայացել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի հերթական նիստը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Օրակարգում եղել են Վաղարշապատի և Արմավիրի ֆուտբոլի ակադեմիաների, ՀՖՖ հերթական ժողովի անցկացման օրվա և վայրի, ՀՖՖ նոր հաստիքացուցակի հարցերը, ինչպես նաև ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի առաջարկը:

Գործկոմը որոշել է Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիան՝ որպես առանձին ՓԲԸ ձևավորելու 2018 թվականի հունիսի 30-ի ՀՖՖ ժողովի որոշումն անվավեր ճանաչելու և ակադեմիան ՀՖՖ վարչական կառուցվածքի մեջ՝ որպես առանձին ստորաբաժանում ներառելու և դրա հիմքի վրա ԲԿՄԱ ստեղծելու հարցը ներկայացնել ՀՖՖ հաջորդ հերթական ժողովի քննարկմանը:

ՀՖՖ Գործկոմի անդամները քննարկել են Արմավիրի ֆուտբոլի ակադեմիան «Լանս» ֆուտբոլային ակումբի հետ համագործակցող ASK ֆրանսիական ընկերությանը 25 տարի ժամկետով օգտագործման հանձնելու առաջարկը: Ընդհանուր առմամբ առաջարկն արժանացել է Գործկոմի անդամների հավանությանը և որոշում ընդունվել՝ առաջարկել ASK ընկերությանը ներկայացնել առաջարկի մանրամասն նկարագրությունը Գործկոմի հաջորդ նիստին:

ՀՖՖ Գործադիր մարմինը որոշել է անցկացնել ՀՖՖ հերթական ժողովը ՀՖՖ շտաբ-բնակարանում 2019 թվականի հունիսի 26-ին:

Գործկոմի անդամները հաստատել են ՀՖՖ նոր հաստիքացուցակը և Ակումբների արտոնագրման գալիք մրցաշրջանի կանոնակարգում առաջարկվող փոփոխությունը՝ կանանց թիմի ապահովումը սահմանել որպես Ա կարգի պահանջ (այն է՝ պահանջի չկատարումը հանգեցնում է արտոնագրի մերժմանը), իսկ ֆուտզալի թիմի ապահովումը սահմանելով Բ կարգի պահանջ (այն է՝ պահանջի չկատարումը հանգեցնում է կարգապահական տույժի ակումբի նկատմամբ՝ ըստ ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի):