Գլխավոր Լուրեր Աշխարհը դարձել է ավելի բարդ, և լուծումներ գտնելու համար մտքերի գագաթնաժողովի կարիք...

Աշխարհը դարձել է ավելի բարդ, և լուծումներ գտնելու համար մտքերի գագաթնաժողովի կարիք ունենք․ նախագահ Սարգսյանը՝ եզրափակիչ քննարկմանը

6
0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 9-ին մասնակցել է Դիլիջանում անցկացվող «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի եզրափակիչ քննարկմանը։ Այն վարել է «Մտքերի գագաթնաժողովի» կազմակերպիչ, «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն, մասնակցել են Google ընկերության գնումների գծով արտադրության տնօրեն Թեդ Սոուդերը, իտալական հանրահայտ «Լեոնադրո» ընկերության ռազմավարության և տեխնոլոգիական հարցերով տնօրեն Ջիորջիո Մոսկան, Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանի պրոֆեսոր Ելենա Կորոստելևան, «Սինոփսիս Արմենիա»-ի նախագահ Երվանդ Զորյանը, Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը։

Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ նախագահը նախ շնորհակալություն է հայտնել բոլոր մասնակիցներին ու գագաթնաժողովի կազմակերպման աշխատանքներում ներգրավված անձանց և մասնավորապես նշել․ «Ես շատ բան սովորեցի գագաթնաժողովից, սակայն հիմնական երեք հարցերը շարունակում են մնալ. ի՞նչ է տեղի ունենում, ի՞նչ անել և ի՞նչպես անել։ Միակ բանը, որում հաստատապես համոզված եմ, հետևյալն է. մենք կարիք ունենք տապանի, որը, հավանաբար, հենց «Մտքերի գագաթնաժողով»-ն է, որը կփրկի աշխարհը, քանի որ աշխարհը դարձել է շատ ավելի բարդ։ Այդ բարդությունն ավելին է, քան ցանկացած արհեսատական բանականություն կարող է լուծել։ Մենք մարդկային մտքերի գագաթնաժողովի, ինչպես նաև ձեզ պես մարդկանց՝ կարիք ունենք՝ լուծումներ գտնելու համար։ Ես չեմ խոսում վերահսկելու մասին։ Աշխարհում, որն ավելի քվանտային է դառնում, անհնար է ունենալ դասական վերահսկման համակարգ։ Անհրաժեշտ է սովորել ապրել նոր քվանտային աշխարհում, որը շատ բարդ է, մարտահրավերներով լի, բայց չափազանց հետաքրքիր»։