Երկուշաբթի , 28 Մայիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    20°
    Home » Լուրեր » Ավագանու ՀՀԿ անդամները հրավիրվո՞ւմ են հարցաքննության

    Ավագանու ՀՀԿ անդամները հրավիրվո՞ւմ են հարցաքննության

    Ավագանու ՀՀԿ անդամները հրավիրվո՞ւմ են հարցաքննության
    Փետրվար 14, 2018 13:20 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Երեւանի ավագանու երեկվա նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ «Երկիր ծիրանի» կուսակցությունը երկրի իրավապահ մարմիններին հաղորդում է ներկայացրել հանցագործության մասին:  Մասնավորապես, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, ՀՔԾ պետ Վահրամ Շահինյանին եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ուղղված հաղորդման մեջ, շարադրելով տեղի ունեցածը, կուսակցությունը նաեւ խնդրել էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 181-182-րդ հոդվածների կարգով հարուցել քրեական գործ:

    Araratnews.am-ը գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից փորձեց ճշտել, թե ինչ ընթացք է ստացել հանցագործության մասին հաղորդումը: Բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը մեզ փոխանցեց, որ դատախազությունը հանցագործության մասին հաղորդումն ուղարկել է ոստիկանություն` նյութեր նախապատրաստելու համար:  Ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն էլ Araratnews.am-ի  հետ զրույցում ասաց, որ կատարվում է հետաքննություն:

    Հիշեցնենք, որ ավագանու երեկվա նիստում «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները «Նուբարաշեն» ՔԿՀ-ի վթարված կոյուղատարի ջուրն ապակյա տարաներով բերել էին քաղաքապետարան: Ավագանու անդամ Մարինա Խաչատրյանը, ձեռքում երկու տարա, մոտեցել էր Երեւանի քաղաքապետին: Տարոն Մարգարյանը, կանխատեսելով հետագա գործողությունների ընթացքը, ավագանու անդամներին դիմելով ասել էր` «Դեմը առ, դեմը առ, շուշուտ, դեմը առ»: Դրանից հետո կողմերի միջեւ քաշքշուկ էր տեղի ունեցել:

    ՀՀԿ ավագանու անդամները բռնի ուժով նիստերի դահլիճից դուրս էին բերել ավագանու կին անդամին, այդ ընթացքում հարվածելով եւ քաշելով Մարինա Խաչատրյանի մազերից: Ի դեպ, վերջինս նաեւ հայտարարել է, որ իր նկատմամբ սեռական ոտնձգություն է կատարվել: Մասնավորապես, Մարինա Խաչատրյանը պնդել է, որ Երեւանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Էդմոնդ Կիրակոսյանն իրեն սեռական ոտնձգության է ենթարկել: Այս մասին նա հայտարարել է «Ազատության» եթերում, մեկնաբանելով, թե ինչու է ապտակել ավագանու անդամին: Նրա խոսքով` Էդմոնդ Կիրակոսյանը բացել է կոստյումը, ձեռք տվել կրծքերին ու մարմնի այլ մասերին: «Ինչ վերաբերում է ապտակին, ապա ես երբեւէ որեւէ մեկին թույլ չեմ տա, որպեսզի իմ հագուստն իմ վրայից հանի, ձեռքերով իմ կրծքին, իմ մարմնին ձեռք տա: Ապտակ պատասխան ստացավ, որովհետեւ իմ հանդեպ սեռական բռնություն էր կիրառել»,- ասել է Խաչատրյանը:

    Հավելենք, որ Araratnews.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով` միջադեպի մասնակից հիմնական դերակատարները երեկվանից հրավիրվում են ոստիկանություն բացատրություն տալու համար:

     Փայլակ Ֆահրադյան

    scroll to top