Գլխավոր Լուրեր Ավարտվել է «Երևանի ՋԷԿ»-ի վերազինման ծրագիրը

Ավարտվել է «Երևանի ՋԷԿ»-ի վերազինման ծրագիրը

2
0

«Երևանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման և կապիտալ նորոգման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։  Ինչպես հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները։ Կայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը և բարեհաջող միացել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգին։

Վերազինման ծրագրի շրջանակներում, որը նպատակ ուներ բարձրացնել էներգաբլոկի աշխատանքի արդյունավետությունն ու հուսալիությունը, կատարվել է գազատուրբինային կայանքի MXL-2 վերազինում։ Տեխնիկատնտեսական ցուցանիշների ճշգրտման նպատակով էներգաբլոկը ներկայումս համալիր ռեժիմային կարգավորման փուլում է:

Հիշեցնենք, որ վերազինման արդյունքում նախատեսված է շուրջ 7 ՄՎտ-ով ավելացնել  կայանի հզորությունը՝ 220 ՄՎտ-ից հասցնելով 227 ՄՎտ-ի, նվազեցնել վառելիքի տեսակարար ծախսը,  ինչը կավելացնի էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը: Կերկարաձգվի նաև կայանի կապիտալ նորոգումն իրականացնելու ժամկետի պարբերականությունը՝ 4-ից դառնալով 6 տարի։

Էներգաբլոկի վերազինման և կապիտալ նորոգման աշխատանքներում ներգրավված են եղել  ամերիկյան «General Electric» և ճապոնական «FUJI Electric» հայտնի ընկերությունները:

Նշենք նաև, որ Երևանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը կառուցվել է Ճապոնիայի կառավարության տրամադրած ODA վարկով և գործարկվել է 2010թ. ապրիլի 21-ին: