Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Այցելել են Գեւորգ Չաուշի գերեզմանին

    Այցելել են Գեւորգ Չաուշի գերեզմանին

    Այցելել են Գեւորգ Չաուշի գերեզմանին
    Հունիս 14, 2019 18:15 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությունն այցելեց Մուշ: Մուշում հայկական պատվիրակության անդամներն այցելեցին հայ ազգային-ազատագրական շարժման հերոս Գևորգ Չաուշի գերեզման, Մուսա լեռան վառված ջահը հասցրին հայ ֆիդայապետին, ստացան նրա օրհնությունը, ծաղիկներ խոնարհեցին նրա շիրիմին:

    Պատվիրակությանը ընդունեց նաև Մուշի քաղաքապետ Ֆեյաթ Ասյան, որի համար օրը կրկնակի հիշարժան էր. նորընտիր քաղաքապետը շտապել էր հայ գործընկների հետ հանդիպմանը՝ թողնելով տոնակլան օրվա միջոցառումները:
    «Շատ ուրախ ենք ձեր այցի համար, մեր աչքի վրա տեղ ունեք: Չնայած օրը մեզ համար տոնական է, բայց ձեզ հետ հանդիպելն ավելի կարևոր է, և ես չէի կարող այդ առիթը բաց թողնել»,- ասաց նա:
    Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը նշեց, Մուշը մեզ համար շատ հարազատ քաղաք է: Նա Մուշի քաղաքապետին հանձնեց Երևանում համահայկական խաղերի միջոցառումներին մասնակցելու պաշտոնական հրավերը և հայ վարպետների ձեռքով պատրաստված խորհրդանշական նվերը:

    Գործակցության ևս մեկ հարթակ ամրագրվեց համահայկական խաղերին հանդիպելու ակնկալիքով:
    Մշո դաշտից Կարս գնացող ճանապարհին պատվիրակության անդամները Սուլուխի կամրջից վարդեր նետեցին Արածանի գետ` հարգանքի տուրք մատուցելով 1907թ.-ին Գևորգ Չաուշի և նրա զինակիցների հիշատակին:
    Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանին ու պատվիրակությանն ընդունեցին Կարսի քաղաքապետերը:

    Իշխան Զաքարյանն առաջարկեց Երևան-Վան, Գյումրի-Կարս քաղաքները դարձնել համահայկական հաջորդ խաղերի անցկացման կենտրոններ ու աշխատանք կատարել այդ ուղղությամբ:

    Քաղաքապետերը ողջունեցին առաջարկը` պատրաստ լինելով քննարկել մանրամասներն արդեն Երևանում: Կողմերն անդրադարձան նաև մշակութային կապերին:

    Իշխան Զաքարյանը, Չարենցի տան օրինակով, անընդունելի համարեց մշակութային արժեքների ոչնչաչումը և հույս հայտնեց, որ մեծ բանաստեղծի տունը նույնությամբ կնորոգվի, եղած հայկականն էլ կպահպանվի:

    Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահը պատրաստակամություն հայտնեց, հարկ եղած դեպքում, աջակցել Չարենցի տան վերականգնմանը:
    Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի պատվիրակությանը եղավ նաև Հայոց հինավուրց մայրաքաղաք Անիում։
    Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի փոխնախագահ Ալբեր Բոյաջյանն ասաց, որ սպորտի միջոցով համախմբում են Սփյուռքը, Հայաստանը և Արցախը:


    Նման թեմաներ

    scroll to top