Երկուշաբթի , 11 Դեկտեմբեր 2017

  •  USD   Առք` 482.50   Վաճառք` 486.50   ՀՀ ԿԲ` 485.25   
  •  EUR   Առք` 568.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.44   
  •  CHF   Առք` 479.00   Վաճառք` 492.00   ՀՀ ԿԲ` 486.81   
  •  GBP   Առք` 638.00   Վաճառք` 656.00   ՀՀ ԿԲ` 653.97   
  •  RUB   Առք` 8.11   Վաճառք` 8.28   ՀՀ ԿԲ` 8.18   
  •  GEL   Առք` 167.00   Վաճառք` 187.00   ՀՀ ԿԲ` 180.81   
outputra5huxgif
Sunny
Home » ժամանց » Այդ «երգարվեստ» կոչվածում մենք չկանք. «Նեմրա» ռոք խմբի հարցազրույցը

Այդ «երգարվեստ» կոչվածում մենք չկանք. «Նեմրա» ռոք խմբի հարցազրույցը

Այդ «երգարվեստ» կոչվածում մենք չկանք. «Նեմրա» ռոք խմբի հարցազրույցը
Դեկտեմբեր 7, 2017 11:30 ժամանց, Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

«Նեմրա» ալտերնատիվ ռոք խմբի առաջիկա անելիքների, նոր տեսահոլովակի և անցած ուղու մասին Araratnews.am-ը զրուցել է խմբի անդամ Վան Եղիազարյանի հետ (էլեկտրակիթառ, վոկալ):

Ի՞նչը համախմբեց «Նեմրա»-ի անդամներին, ինչո՞ւ որոշեցիք միասին երգել:

Մեզ համախմբեց սերը երաժշտության հանդեպ և խումբ ունենալու գաղափարը, բոլորս էլ երազում էինք սեփական խումբ ունենալու մասին, որտեղ կկատարեինք մեր սեփական երգերը,  հետագայում նաև պարզվեց, որ ուրիշ գաղափարներ էլ ընդհանուր են:

Վա՛ն, խմբում դու և Վասպուրը հարազատ եղբայրներ եք, իսկ Մարիաննան ու Մառեկը՝ քույր ու եղբայր։ Եղբայրների համար միասին աշխատելը հե՞շտ է, թե՞, օրինակ՝ տանը եղած ինչ-որ անհամաձայնություններ կարող են տեղափոխվել նաև աշխատանքային հարաբերություններ:

Ես կասեի՝ հակառակը, մեր հիմնական վեճերը ստեղծագործական խնդիրների շուրջ են լինում, կենցաղային հարցերում շատ հազվադեպ ենք խնդիրներ ունենում միմյանց հետ, կենցաղային հարցեր երևի թե չեն էլ լինում, քանի որ ապրում ենք «Նեմրա»-ի աշխարհում, բայց նաև շատ-շատ է օգնում այն, որ մենք եղբայրներ ենք, շատ հարցերում նման մոտեցումներ ունենք ու հաճախ խելք խելքի տալիս լավ գաղափարներ են առաջանում:
Էս տարիների ընթացքում նաև Մարիաննային էլ ենք «մեր ջրերը գցել» ու շատ գաղափարական  հարցերում սկսել ենք նման մտածել, շատ երաժշտական հարցերում էլ մենք ենք Մարիաննայից սովորել, քանի որ նա երաժշտական բարձրագույն կրթություն ունի: Մառեկն էլ մեզ համար Հայաստանում ամենալավ հարվածային գործիքներ նվագողն է, և միանշանակ վստահում ենք նրա ռիթմային և բիթային առաջարկներին: Հիմնականում մեր ճաշակները համընկնում են, ու դա է պատճառը, որ քիչ են լինում աշխատանքային վեճերը:

Արդեն բազմաթիվ երգեր ու տեսահոլովակներ ունեք, ո՞րը ձեզ մեծ հաջողություն ու ճանաչում բերեց: 

Մենք բացարձակ տարբերություն չենք դնում մեր երգերի մեջ, քանի որ բոլոր երգերը, որ գրել ենք, մեր մի մասնիկն են, կամ մի ամբողջ մեծ պատմություն մի քանի րոպեի մեջ ենք տեղավորել: Մեր խմբի առանձնահատկություններից մեկը նաև այն է, որ մենք մի երգի խումբ չենք, այսինքն՝ մարդիկ մեզ սիրում են տարբեր երգերի համար, կամ ամեն մեկը մեր երգերից գտնում է իր համար ամենահոգեհարազատ երգը: Կարծում եմ` մեզ հաջողություն են բերում մեր բոլոր երգերը միասին: Հաջողությունն էլ աստիճանաբար է գալիս, ամեն մի նոր երգի հետ մի քայլ առաջ ենք գնում:

20915077_1213300712149163_4521087889693483490_n

Ի՞նչ դժվարություններ են եղել երգարվեստ մուտք գործելիս: 

Դժվարությունները բազմաթիվ էին ու այս պահին էլ կան, բայց փորձում ենք հաղթահարել դրանք մեր հնարավորությունների մաքսիմումով:
Ամենասկզբում, իհարկե, շատ դժվար էր, զրոյից մտնել մի ասպարեզ, որտեղ երբեք չես եղել ու ոչ մեկին չես ճանաչում: Եթե Մառեկն ու Մարիաննան այս ոլորտում  մինչ «Նեմրա»-ն գործունեություն ունեցել էին, ինձ ու Վասպուրի համար սա լրիվ նոր աշխարհ էր, նոր մարդիկ: Ոմանք ընդունեցին, մյուսները հիացան, ոմանք էլ թերահավատորեն վերաբերվեցին: Բայց այդ ամենը հետևում մնաց, քանի որ հիմա արդեն ժամանակ չի մնացել մտածելու դատարկ հարցերի մասին, կենտրոնացած ենք մեր նոր երգերի, տեսահոլովակների, համերգների, շրջագայությունների վրա:
Բայց, առհասարակ, չեմ էլ համարում, որ մենք երգարվեստ ենք մտել, ինձ թվում է` այդ «երգարվեստ» կոչվածում մենք չկանք, ուղղակի մեր աշխարհում ստեղծում ենք մեր սրտից բխող երգեր, ու հայտնվում են մարդիկ, ում սրտերին հասնում են այդ երգերը:

Ձեզ դո՞ւր գալիս է այսօրվա հայկական ռոքը, թե՞ բացերը շատ են:

Այսօրվա հայկական ռոքի մեջ միակ վատ բանը խմբերի սակավությունն է. եթե տարիներ առաջ մենք ունեցել ենք հիանալի խմբեր և բուռն ռոքային կյանք, չնայած ավելի վատ պայմանների, այժմ ռոք խմբեր գրեթե չկան, չնայած հիմա կան դրա համար բոլոր պայմանները:

Բացի այդ, ինձ համար կարևոր չէ կոնկրետ ժանրի ակտիվությունը, ինձ համար ավելի կարևոր է որակյալ երաժշտությունը, իսկ որակյալ ասելով՝ նկատի ունեմ, որ առաջին հերթին բառերն իմաստ ունենան, ինչ-որ գաղափարներ լինեն, անկեղծ զգացմունքներից ու զգացողություններից ստեղծված, ոչ թե պատվերով գրված՝ հարսանիքներին ու  կնունքներին գումար աշխատելու համար, իսկ երաժշտությունը լինի հաճելի և զգացմունքներ առաջացնող: Չնայած վերջին ասածիս հետ կապված հաճախ եմ ինքս ինձ հետ բանավիճում, քանի որ եթե ինձ համար արաբական կլկլոցը զգացմունք չի առաջացնում կամ տհաճ է, մյուսի համար դա կարող է դրական զգացմունքներ առաջացնել, էնպես որ, շատ չխորանամ:

Հիմնականում ակումբներում եք երգում, երբևէ եղե՞լ է առաջարկ, որ ռեստորանում ինչ-որ հարսանիքի կամ այլ առիթի ժամանակ նվագեք:  

Վերջին մեկ տարում հայաստանյան ակումբներում չենք նվագել, հիմնականում նվագել ենք համերգասրահներում և բացօթյա համերգներին:
Հարսանիքի նվագել ենք մեկ անգամ` այս տարի, շվեյցարա-հայկական մի հարսանիքի ժամանակ բացօթյա համերգի տարբերակով՝ միայն մեր երգերով՝ առանց քավըրների և պատվերների, ուղղակի սովորական Նեմրա-համերգ ենք ունեցել, քանի որ հարսն ու փեսան լսել ու հավանել էին մեր երգերը ու ցանկություն հայտնել, որ նվագենք: Մենք էլ, իհարկե, մեծ սիրով ընդունեցինք հրավերը, քանի որ ոչ մի կերպ չէր հակասում մեր գաղափարներին:

Տեսահոլովակներից խոսենք. կարևո՞ր են դրանք, թե՞ զուտ ճանաչում ձեռք բերելու համար են: 

Անձամբ ինձ համար, եթե իմ սիրած խմբերի օրինակով ասեմ, երբեք առաջնային չեն եղել տեսահոլովակները, հիմնականում ոչ էլ ձայնագրությունները, խմբերին սիրել եմ  կենդանի կատարումները դիտելիս ու լսելիս: Բայց, անկասկած, մեծ նշանակություն ունեն տեսահոլովակները խմբերի համար, քանի որ այս դարում մարդկանց մեծ մասը դժվարությամբ է առանց աչքերի ընկալում լսածը: Հետևաբար, տեսահոլովակները  երգերը ներկայացնելու հիանալի միջոց են, էլ չասեմ, որ հիմա ստեղծվում են տեսահոլովակներ, որոնք շատ ավելի արժեքավոր են, քան երգերը, այսինքն՝ երգն է ստեղծվում տեսահոլովակի համար, այլ ոչ թե հակառակը: Նաև հետաքրքիր երևույթ է արվեստի երկու ճյուղերի համադրումը:

535118_1040692219325917_2698868271853798588_n

Ձեր վերջին տեսահոլովակից կպատմե՞ք` ովքե՛ր են նկարահանել, որտե՛ղ են նկարահանումները տեղի ունեցել, և ի՛նչ խոչընդոտներ են եղել:

Մեր վերջին տեսահոլովակը նկարահանվեց մեր նոր երգերից մեկի՝ Born in 94-ի վրա:
Տեսահոլովակը նկարահանեցին մեր շատ սիրելի ու հարազատ  մարդիկ՝ Արուս Տիգրանյանն ու Համբարձում Վարդանյանը: Նախ` առաջին հերթին մեծ բավականություն էր նման մարդկանց հետ աշխատելը, շատ ուրախ եմ, որ մեր երկրում դեռ մնացել են այսպիսի մարդիկ, շատ շնորհակալ եմ նրանց ու կարծում եմ՝ շուտով նորից ենք համագործակցելու: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև բոլոր էն մարդկանց, ովքեր մեզ հետ էին նկարահանումների ընթացքում և օգնում էին մեզ, և, իհարկե, առանձնահատուկ շնորհակալություն մեր շատ լավ ընկեր, գեղեցկուհի Անիին (Candy), որ հերիք չի անտրտունջ դիմացավ բոլոր չարչարանքներին, անդադար վազեց, մի բան էլ՝ այնքան դրական էներգիա էր փոխանցում մեզ նկարահանման ողջ  ընթացքում:
Տեսահոլովակը նկարեցինք Դիլիջանում, շնորհակալություն Cafe N2-ին, որ մեզ ջերմ հյուրընկալեց, և շնորհակալություն Դիլիջանի չքնաղ բնությանը: Ամենամեծ խոչընդոտը ժամանակի սղությունն էր, որ պետք էր հասցնել երկու օրում նկարել, բայց ստացվեց ժամանակի հետ լեզու գտնել և հաղթահարել այդ խոչընդոտը:

94  թվականին ծնված հերոսուհին իրակա՞ն է, թե՞ հորինված:

Երգի հեղինակը մեր բասիստն է՝ Վասպուրը, սպասեք հիմա հարցնեմ:
Նա նախընտրում է գաղտնի պահել այս հարցի պատասխանը, քանի որ չի սիրում բարձրաձայնել իր երգի կերպարների, իրադարձությունների մանրամասները:

Նաև շրջագայում եք, ինչպե՞ս են հայ ռոքերներին ընդունում դրսում:

Վերջին համերգաշարը Թբիլիսիում էր, երեք օր անընդմեջ ունեցանք երեք համերգ: Շատ տպավորվեցինք ընդունելությամբ, մարդկանցով, քաղաքով: Մեզ սիրեցին թե՛ տեղաբնակները, թե՛ արտասահմանից Թբիլիսի ժամանած տարբեր զբոսաշրջիկներ, շատերը նշեցին, որ Թբիլիսիում վաղուց էին փնտրում այս ժանրի խմբի համերգ, քանի որ հիմնականում այնտեղ հանդիպել էին էլեկտրոնային երաժշտական խմբերի կամ շատ ծանր ռոքի: Առանձնահատկությունն այն էր, որ տղաները շատ ջերմ էին երկրպագում ու լիարժեք ուրախանում էին, ինչը մեզ մոտ շատ քիչ է: Հայաստանում հիմնականում աղջիկներն են լիարժեք ուրախանում, իսկ տղաների մեծամասնությունը զսպում է իրենց կամ կոմպլեքսավորվում:

Հիմա ինչո՞վ է զբաղվում խումբը, առաջիկայում ի՞նչ անելիքներ ունեք: 

Կոնկրետ այս պահին զբաղված ենք մեր նոր երգի ձայնագրությամբ, եթե հասցնենք մինչև դեկտեմբերի 15-ը վերջացնել ձայնագրությունը, հնարավոր է՝ ուղարկենք «Եվրատեսիլի» նախընտրական փուլ: Քանի որ այս տարի կանոններն այնպիսին են, որ մասնակիցները պետք է ներկայանան իրենց սեփական երգերով կամ իրենց համար գրված երգերով, այլ ոչ քավըրներով, այդ պարագայում մենք մեծ սիրով պատրաստ ենք առաջարկել մեր երգերից մեկը՝ Հայաստանը «Եվրատեսիլում» ներկայացնելու համար:
Բացի այդ, նախապատրաստվում ենք մի քանի այլ նոր երգերի ձայնագրությունների և նաև նոր տեսահոլովակի նկարահանման:

Հարցազրույցը՝ ԷՄՄԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ

Նման թեմաներ

scroll to top