Երեքշաբթի , 22 Օգոստոս 2017

  •  USD   Առք` 476.50   Վաճառք` 480.00   ՀՀ ԿԲ` 478.57   
  •  EUR   Առք` 558.00   Վաճառք` 566.00   ՀՀ ԿԲ` 561.79   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 498.00   ՀՀ ԿԲ` 497.63   
  •  GBP   Առք` 605.00   Վաճառք` 623.00   ՀՀ ԿԲ` 616.73   
  •  RUB   Առք` 8.03   Վաճառք` 8.20   ՀՀ ԿԲ` 8.05   
  •  GEL   Առք` 192.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 200.24   
outputra5huxgif
Clear
21°
Home » Uncategorized @hy » Այդ խայտառակ զինանշանով հանդես գալն ուղղակի ամոթ է

Այդ խայտառակ զինանշանով հանդես գալն ուղղակի ամոթ է

Հունիս 19, 2017 17:25 Uncategorized, Լուրեր, Մշակույթ A+ / A-

656565

Զինանշանը մեր երկրի դեմքն է, ինչպես դրոշը: Այդ խայտառակ զինանշանով հանդես գալն ուղղակի ամոթ է: Araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս շրջանառվող այն խոսակցություններին, թե հնարավոր է Հայաստանի Հանրապետության զինանշանը փոփոխությունների ենթարկվի (կենտրոնում վահանը պահող արծիվը և առյուծը, ըստ տեղեկությունների, կվերածվեն լեզուն դուրս հանած գիշատիչների, ինչպես պատկերված էր Հայաստանի առաջին հանրապետության զինանշանում.- խմբ.), ասաց Հայաստանի նկարիչների  միության նախագահ Կարեն Աղամյանը:

Զինանշանի փոփոխության հարցով Կարեն Աղամյանը զբաղվում է գրեթե վեց տարի, սակայն մինչև այսօր պատկան մարմինները որևէ արձագանք չեն տվել նրա ներկայացրած նախագծերին:

«Տարբեր ելույթներ եմ ունեցել, ապացուցել, թե ինչ սխալներ կան մեր զինանշանի մեջ: Արդեն հստակ նախագիծն ունեմ, բազմաթիվ ուսումնասիրություններից հետո ստեղծել եմ այն նախագիծը, որը չի հակասում Սահմանադրությամբ զինանշանի նկարագրին և արված է հերալդիկայի միջազգային կանոններին համապատասխան»,- նշեց նա, հավելելով, որ ժամանակն է այն մտնի Ազգային ժողով` քննարկման և հաստատման համար:

Աղամյանի խոսքով` մեր զինանշանը բազմաթիվ թերություններ ունի և, բացի դրանից, կիրառվում են այնպիսի տարբերակներ, որտեղ, օրինակ` թուրը ջարդված է, առյուծի դեմքը սմայլիկի կերպար է դարձել:

Զինանշանում եղած թերությունների առկայության մասին նշում է նաև նկարիչ, գրաֆիկ-դիզայներ Հարություն Սամուելյանը, ով ժամանակին աշխատել է ՀՀ պետական զինանշանի ժամանակակից գրաֆիկական մեկնության վրա. «Դա մեր քմահաճույքը չէր, դա առաջադրանք էր տրված, որը մենք փորձեցինք անել լավ: Ուրիշ բան, որ մենք չհասցրեցինք մշակել մինչև վերջ, ժամանակը շատ սուղ էր, ինչպես հասցրեցինք, այդպես էլ արեցինք: Ես ոչ մի մեղադրանք չեմ ընդունում, որովհետև մենք արել ենք այն, ինչ մեզ հանձնարարված էր»:

Իսկ ինչ վերաբերում է առյուծի երախը և արծվի բերանը բացելուն, նա ընդգծեց. «Իմ անձնական կարծիքով` պետք է փակ լինեն, դա չի նշանակում, որ կենդանին թույլ է և պատրաստ չէ պաշտպանությանը և հակահարված տալուն: Չեմ կարծում, որ մենք պետք է պարտադիր եվրոպական զինանշանային համակարգի իմաստները վերարտադրենք: Մենք ունենք մեր հայկական խորհրդանիշները, տարբեր արժեհամակարգեր»:

Սամուելյանն առաջարկում է առանց օրենքը փոխելու, նաև չփոխելով բովանդակությունը, շտկել մի քանի հանգամանք. «Պետք է ստեղծվի լուրջ հանձնաժողով, որում պետք է ներգրավված լինեն տարբեր մասնագետներ, և դա պետք է քննարկվի»:

Մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանն էլ, անդրադառնալով հարցին, նշեց, որ շատ տեղերում` տարբեր էլեկտրոնային լրատվամիջոցներում, ձևաթղթերի վրա, ինչ-որ զանգվածային վայրերում պատկերված են զինանշանի տարբերակներ, որտեղ իսկապես որոշակի տարրեր աղավաղված են. «Հենց այդ պատճառով 2015 թվականին պետական խորհրդանշանների հանրահռչակման հանձնաժողովին կից ստեղծվեց տեխնիկական խորհուրդ, որում ընդգրկված էին նկարիչներ, հերալդիկայի մասնագետներ, պատմաբաններ, էլեկտրոնային փոփոխություններ իրականացնող մասնագետներ, և նրանց ուսումնասիրությունների արդյունքում որոշակի փոփոխությունների առաջարկներ եղան, որոնք ներկայացվեցին մշակույթի նախարարություն: Մենք որոշակի փոփոխություններ արեցինք, որոնք զինանշանը չեն աղավաղում, դրանք ուղղակի տեխնիկական բնույթի փոփոխություններ են»:

Եվ չնայած ստեղծվել է խորհուրդ, և խորհրդի որոշ անդամներ ներկայացրել են զինանշանի նոր տարբերակներ, օրինակ, ինչպես մեզ հետ զրույցում տեղեկացրել էր նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, նախագիծ ներկայացրել է նաև ինքը, դա չի նշանակում, որ Կառավարությունը կամ Ազգային ժողովն այս պահին նախատեսում են այդպիսի փոփոխություններ. «Երբ քաղաքական պահանջ կլինի, կամ Ազգային ժողովը կփորձի այդ հարցն առաջ քաշել, այդ ժամանակ էլ մենք կունենանք որոշակի տարբերակներ: Իսկ այն, որ մեր զինանշանի վրա կան որոշակի թերություններ, կանոններին անհամապատասխանություն, դա փաստ է»:

Էմմա Հովսեփյան

122488199673267500288781848048447njpg
scroll to top