Գլխավոր Լուրեր Այսօր երեկոյան Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է

Այսօր երեկոյան Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է

1
0

Այսօր Մադրիդում կկայանա ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որի ընթացքում ակումբային ֆուտբոլի եվրոպական գլխավոր տիտղոսի համար կպայքարեն անգլիական երկու թիմեր` «Լիվերպուլն» և «Տոտենհեմը»:

 Երկու թիմերի ֆուտբոլիստներն արդեն Մադրիդում են և մասնակցել են առաջին մարզումներին: Իսկ Իսպանիայի մայրաքաղաքը ողողված է անգլիացի երկրպագուներով: Անվտանգության նկատառումներով Մադրիդի քաղաքային իշխանությունները դիմել են անգլիացի ֆուտբոլասերներին` կոչ անելով նրանց չխախտել հասարակական կարգը:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Մադրիդում կայացած ասուլիսի ժամանակ խոստովանել է, որ դժվարանում է կանխատեսել այսօրվա խաղի արդյունքը:
«Ես գիտեմ, որ մարդիկ պնդում են, որ այս տարի մենք ենք հաղթանակի գլխավոր հավակնորդը, քանի որ Պրեմիեր լիգայում շատ միավորներ էինք հավաքել, ինչպես նաև երկու անգամ 2-1 հաշվով հաղթել էինք «Տոտենհեմին»: Բայց պետք չէ մոռանալ, որ սեփական հարկի տակ անցկացրած խաղում, օրինակ, մենք հաղթեցինք բավական տարօրինակ մի գոլի շնորհիվ: Մենք երկու խաղերում էլ շատ լավ մարզավիճակում էինք, սակայն կարողացանք հաղթել նվազագույն տարբերությամբ: Մենք պետք է օգտագործենք մեր առավելությունը, սակայն այդ ամենը պետք է արվի խաղի ընթացքում», – նշում էր «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: