Գլխավոր Լուրեր Այսօր Վազգեն Ա-ի հիշատակի օրն է

Այսօր Վազգեն Ա-ի հիշատակի օրն է

2
0

Սովետական Միության փլուզումից հետո Վազգեն Ա-ն լայն գործունեություն ծավալեց Հայ Առաքելական Եկեղեցու Էջմիածնի և Կիլիկիո ճյուղերի միավորման համար:

Մեծ է Վազգեն Ա-ի ավանդը Հայ եկեղեցու միասնության հաստատման, միջեկեղեցական հարաբերությունների ընդլայնման ասպարեզում։ 1962 թվականին Հայ եկեղեցին դարձել է Եկեղեցիների համաշխարհային խորհրդի, այնուհետև՝ Եվրոպական եկեղեցիների համաժողովի անդամ։

Ամենայն հայոց կաթողիկոս ընտրվելուց հետո, սփյուռքի համախմբվածությունը զորացնելու և հայրենիքի հետ կապերն ամրապնդելու նպատակով, շուրջ 30 հովվապետական այցելություններ է կատարել Հայ եկեղեցու թեմեր, միջեկեղեցական շրջանակներում հանդիպումներ ունեցել քույր եկեղեցիների հովվապետների հետ, արտերկրում ներկայացրել Հայ եկեղեցին ու հայ ժողովրդին։

Վեհափառ հայրապետի շնորհիվ փրկվել ու Երևանի Մատենադարանին են հանձնվել «Վեհափառի» և «Վեհամոր» անուններով կնքված երկու Ավետարանները, Թորոս Ռոսլինի ծաղկած «Զեյթունի Ավետարանը» և «Մալաթիայի Ավետարանը», Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» աշխատության պահպանված միակ ձեռագիր օրինակը և բազմաթիվ այլ ձեռագրեր, արժեքավոր վավերագրեր։

Դեռևս 1988 թվականի փետրվարի 25-ին Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու հարցով դիմել է ԽՍՀՄ նախագահ Մ. Գորբաչովին, Արցախյան շարժման ընթացքում խորհրդային և միջազգային ամենաբարձր ատյաններում լսելի է դարձրել արցախահայության ձայնը։ Հայրապետական առանձին տնօրինությամբ վերահաստատել է Հայ եկեղեցու Արցախի թեմը (1989), ձեռնարկել Արցախի մի շարք եկեղեցիների ու վանքերի վերաբացումն ու վերանորոգումը։

Վազգեն Ա (ավազանի անունը՝ Լևոն-Կարապետ) Պալճյանը նախնական կրթությունն ստացել է Օդեսայի(Առաջին աշխարհամարտի (1914-1918 թվականներ) տարիներին այնտեղ էր հաստատվել Պալճյանների ընտանիքը) հայկական նախակրթարանում։ Ռումինիայում վերահաստատվելուց հետո սովորել է ԲուխարեստիՄիսաքյան-Քեսիմյան ազգային, 1924-1926 թվականներին՝ Բուխարեստի առևտրական բարձրագույն վարժարանում։ 1936 թվականին ավարտել է Բուխարեստի պետական համալսարանի գրականության և փիլիսոփայության ֆակուլտետը, 1937 թվականին՝ գործնական մանկավարժության բաժինը։

800px-Tomb_of_Vasken_I_-_Catholicos_of_All_Armenians

Վազգեն Ա-ի տապանաքարը

1930-ական թվականներից ռումինահայ գաղութի խնդիրներն արծարծել է «Մարտկոց» թերթում (1933 թվական, Փարիզ), ապա՝ Բուխարեստում իր հիմնած «Հերկ» ամսագրի 12 համարներում (1937 թվականի հունիսից 1938 թվականի մայիս)։ 1929–1943 թթ-ին դասավանդել է Բուխարեստի հայկական դպրոցներում, եղել հայ ռազմագերիներին օգնող կոմիտեի (1942-1944 թվականներ) կազմում։ 1943 թվականի սեպտեմբերին ռումինահայ թեմական խորհրդի որոշմամբ մեկնել է Աթենք, որտեղ Սբ Կարապետ եկեղեցում ձեռնադրվել է կուսակրոն քահանա։ Նույն թվականի նոյեմբերին ընտրվել է Ռումինիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ, ապա՝ թեմի առաջնորդ (1947–1955 թվականներ)։ 1948 թվականի մայիսի 23-ին Սբ Էջմիածնի Մայր Տաճարում Ամենայն հայոց կաթողիկոս Գևորգ Զ Չորեքչյանը նրան օծել է ծայրագույն վարդապետ, 1951 թվականի մայիսին՝ եպիսկոպոս։ 1954 թվականի դեկտեմբերի 31-ին ստանձնել է նաև Բուլղարիայի հայոց թեմի առաջնորդի պարտականությունները։ 1955 թվաակնին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս։