Գլխավոր Լուրեր Ազատության հրապարակի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն վաղը

Ազատության հրապարակի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն վաղը

1
0

Ազատության հրապարակի հարակից տարածքում գտնվող սրճարանների ապամոնտաժումն այս պահին ավարտվել է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը:

«Այսօր աշխատանքներն ավարտեցինք: Եվս մի քանի օրվա աշխատանքներ ունենք՝ կամաց-կամաց ապամոնտաժելու: Կարծում եմ՝ վաղը կշարունակենք ավելի մեծ ուժերով: Մեզ համար կարևոր են նաև ծառերը»,- նշել է Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը՝ նշելով, որ պետք է հատուկ տեխնիկա բերել, որպեսզի ապամոնտաժման ժամանակ ծառերը չտուժեն:

Ծառերն ազատելուց հետո, թաղապետի խոսքով, հաջորդ գործը լինելու է տանիքներն ապամոնտաժելը, այնուհետև կտրատելը, մասնատելն ու տեղափոխելը, ապա՝  բետոնային հատվածները հանելը: «Այդ ամենից հետո, վերջապես, կտեսնենք նորմալ ճեմուղին օպերայի տարածքում»,- նշեց Կենտրոնի թաղապետը: Նրա համոզմամբ՝ աշխատանքները կտևեն մոտ 10 օր:

Վերջում Վիկտոր Մնացականյանը շնորհակալություն հայտնեց քաղաքացիներին, ովքեր իրենց աջակցությունն են հայտնել քաղաքապետարանի գործողություններին, ոստիկաններին՝ պրոֆեսիոնալ աշխատանքների համար: Նա բացառեց օրվա ընթացքում ոստիկանների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնության որևէ դեպք:

Մնացականյանը նշեց նաև, որ հարակից սրճարանների վերաբերյալ դատական որոշումն ունենալուց հետո ապամոնտաժելու են մյուս սրճարանները ևս: